Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նոր նախագահ ընտրեց ՔՊ-ի անդամակցությունը սառեցրած Մեսրոպ Մեսրոպյանին։
Կառույցի նախկին ղեկավարը՝ Գարեգին Բաղրամյանը մոտ մեկ ամիս առաջ էր հրաժարական տվել՝ հոսանքի մատակարարման խնդիրների շուրջ վարչապետի մասնակցությամբ քննարկումից հետո։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը մտահոգություններ ուներ, որ Մեսրոպ Մեսրոպյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնը վարչապետն առաջարկել է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանից ՀԷՑ-ը խլելու պայմանով: Մեսրոպյանն արձագանքեց. - «Ես հեռու եմ այն մտքից, որ իմ գործունեությամբ պետք է ապացուցեմ, որ ՀԷՑ-ը մեր երկրի թնամիներից մեկն է, նման բան չկա»:
Ընդդիմությունն այսօր կառավարության թեկնածուից փորձում էր նաև պարզել՝ տեղյա՞կ է, թե ինչու հրաժարական տվեց Գարեգին Բաղրամյանը, ի վերջո, նույն խնդիրը կարող է նաև իր ընտրվելուց հետո ծագել։ «Մանրամասներին տեղյակ չեմ», - պատասխանեց նա:
Ընդդիմությունը նաև մտահոգված էր՝ Մեսրոպյանը մինչև վերջերս քաղաքականությամբ է զբաղվել, եղել է իշխող ՔՊ կուսակցության անդամ, զբաղեցրել Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Նրա ֆեյսբուքյան ակտիվությունը, մասնավորապես, իշխանահաճո գրառումներն և Ռուսաստանին ուղղված քննադատությունը, նույնպես չէին վրիպել ընդդիմադիրների աչքից։ Մինչդեռ օրենքի պահանջն է, որ ՀԾԿՀ ղեկավարը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ:
Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, որ ներկայացնում էր ՀԾԿՀ նախագահի թեկնածուին վստահեցնում էր՝ Մեսրոպյանը 2023-ին է դարձել ՔՊ-ական, հիմա նրա անդամակցությունը սառեցված է։
Ընդդիմադիրները, սակայն, շարունակում էին հիշեցնել Մեսրոպյանի ոչ վաղ անցյալում արված ֆեյսբուքյան գրառումները։
«Ասում եք՝ կարծում եմ Բրյուսելում ազդարարվեց ռուսական նեոգաղութացման ժամանակաշրջանի ավարտը, հավանաբար նկատի ունեք Ուրսուլա ֆոն դեր Լայեն-Բլինքեն-Փաշինյան հանդիպումը: Ես ցավում եմ, որ ՀՀ-ում նույնիսկ մարզպետի պաշտոն զբաղեցնող մարդը նման ընկալումներ ունի, որ մենք ռուսական գաղութ ենք, նման ընկալումներով ինչպե՞ս եք պատրաստվում առնչվել «Գազպրոմ»-ի հետ», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ի պատասխան Մեսրոպյանն ընդգծեց՝ Հայաստանի էլեկետրաէներգիայի 60 - 65 տոկոսը արտադրվում է միջուկային և գազային վառելիքով, որոնք հիմնականում ներկրվում են Ռուսաստանից և այդ փաստի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։
Մեսրոպ Մեսորպյանին փորձեց օգնության հասնել նիստը վարող փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ մեղադրելով ընդդիմությանը Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անելու» ցանկության մեջ։
Դաշնակցական պատգամավոր Գառնիկ Դանիելյանի էլ հիշեցրեց, թե ո՞վ և ի՞նչ է մատաղ արել։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց՝ Փաշինյանի իշխանության օրոք է, որ Ադրբեջանը Հայաստանին թույլ չի տալիս իր տարածքում գործարան կառուցել:
Ի վերջո ՀԾԿՀ նախագահի ընտրության հարցը օրվա ընթացքում վերածվեց անկախության հռչակագրի, Դաշնակցության շրջաբերականի, Գորիս - Կապան ճանապարհն Ադրբեջանին հանձնելու, հայ-թուրքական չկատարվող պայմանավորվածությունների, Հոկտեմբերի 27-ի մասին քննարկումների։
Իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը փորձեց գործընկերներին վերադարձնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դաշտ, խոսել հոսանքի պարբերական անջատումներից, քաղաքացիների աճող դժգոհությունից, բայց ապարդյուն... Մեսրոպ Մեսրոպյանին այլևս ոչ ոք չէր հիշում։
Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.