Իրավիճակն այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո:
Իր ելույթում սուր քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագրին», մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «ղարաբաղյան բանակցությունները տապալելու ու պատերազմի, հազարավոր երիտասարդ զոհերի, արցախցիներին տնավեր դարձնելու» համար՝ Ղազարյանն ամփոփեց՝ «սա է այս իշխանության դեմքը՝ պատերազմ, զոհեր, կորուստներ և պարգևավճարներ», և իշխող կուսակցությանը մեղադրեց զինվորների կյանքը «սրիկայաբար շահարկել» փորձելու մեջ:
Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Հայկ Կոնջորյանը տեղից հակադարձեց. - «Պարոն Ղազարյան, Ձեզ կոռեկտ պահեք, Դուք ստանում եք նախազգուշացում ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, և ես Ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո եթե Դուք չինքնաէվակուացվեք էս դահլիճից, Ձեզ էվակուացնելու են և դուրս են շպրտելու էս դահլիճից և Ազգային ժողովի շենքից»:
Մինչ Ազգային ժողովի ՔՊ-ական փոխխոսնակ Հայկ Կոնջորյանը կոշտ արձագանքում էր, Էդգար Ղազարյանը դուրս եկավ դահլիճից։ Նրա հետևից որոշ ՔՊ-ականներ ևս որոշեցին դուրս գալ, «Ազատությունը» նկատեց՝ ինչպես էին ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանին գործընկերները պահում, որ դուրս չգա։ Հետո ընդդիմության ներկայացուցիչները դուրս եկան, և իրավիճակը արդեն քաշքշոցի էր վերածվում։ Եկավ նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ բաժանվելու կոչեր անելով։ Մինչ ընդդիմության և իշխանության պատգամավորները բարձր ձայնով իրավիճակից էին խոսում, Ղազարյանը միայնակ նստած էր նիստերի դահլիճին հարակից տարածքում։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է, որ պատրաստվում է քննարկել Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Խմբակցությունում տեղի կունենա նիստ, որտեղ կքննարկվի հետագա քայլերը, որոնց մասին տեղյակ կպահենք: Բարեվարքության պայմանավորվածությունների շրջանակում դա բարեվարքության նորմի խախտում էր», - ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:
Կարապետյանը ասում է՝ ողջ քարոզարշավի ընթացքում իրենք են խոսել բարեվարքության նորմերի խախտումների, ոչ կոռեկտ արտահայտությունների մասին, և իրենց դիրքորոշումը այսպես են բացատրում։
Արդյո՞ք Էդգար Ղազարյանին ընդհուպ մինչև մանդատից հրաժարվելու կոչ կարվի։ «Կաշխատենք խնդիրները լուծել», - ասաց Նարեկ Կարապետյանը։
Ինքը՝ Ղազարյանը, հրաժարվում է որևէ մեկնաբանությունից, այդ թվում չասաց՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ներողություն խնդրել, ինչի ակնկալիքը իշխող խմբակցությունը ունի։
ԱԺ-ն շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցի քննարկումը
Ազգային ժողովն արդեն չորրորդ օրն է՝ հանձնաժողովների նախագահների թեկնածության հարցն է քննարկում։ Այս չորս օրերի ընթացքում քննարկվել է 12 հանձնաժողովներից միայն չորսի թեկնածությունը՝ Պաշտպանության հանձնաժողովի, Պետաիրավական, Ֆինանսավարկային, բյուջետային և Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցը։
Այսօր ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Ֆարմանյանի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Սարգիս Խանդանյանի թեկնածության հարցերն է խորհրդարանը քննարկել։
Հայկ Ֆարմանյանի թեկնածության շուրջ իշխանությունը մի շարք քննադատական հայտարարություններ հնչեցրեց: Եթե օրինակ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի ընտրությունը ընդդիմությունից կախված չէ, իշխանությունը բավարար ձայներ ունի, Հայկ Ֆարմանյանի ընտրությունը հենց իշխող ՔՊ-ի դրական վերաբերմունքից է կախված կամ գոնե որոշակի թվով իշխանականների:
Թե ինչպե՞ս կքվեարկի իշխող ուժը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարեց՝ դեռ քննարկում են:
Նոր Սահմանադրության նախագծի մասին
Խորհրդարանական քննարկումները պարբերաբար իշխանության նախաձեռնած նոր Սահմանադրության շուրջ են ծավալվում:
Նոր Սահմանադրության նախագիծը հաստատելու համար 64 մանդատ ստացած իշխանությունը չունի բացարձակ մեծամասնություն և այստեղ նրանց ընդդիմության աջակցությունն է հարկավոր։ Իսկ ընդդիմությունը՝ թե՛ «Ուժեղ Հայաստան», թե՛ «Հայաստան» խմբակցությունները դեմ են արտահայտվում նոր Սահմանադրության նախագծին:
«Եթե դուք այդքան վստահ եք, որ Սահմանադրության փոփոխությանը դեմ է մի ամբողջ ժողովուրդ, դուք վստահ եք, դուք միշտ դրա մասին խոսում եք, տարբեր պիտակներ եք տալիս նոր Սահմանադրությանը առանց քննարկելու։ Իսկ ավելի քաղաքականապես նպատակահարմար չէ՞ր լինի արդյոք տալ այդ հնարավորությունը։ Քվեարկեինք բոլորով միասին հանրաքվեի օգտին, ժողովուրդն էլ թող իր խոսքը ասեր, չէ՞։ Դե որ դուք վստահ եք, որ բոլորը դեմ են», - այսօր հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Արդյո՞ք հենց այս թեզով է փորձելու իշխանությունը ստանալ սահմանադրական հանրաքվեի հարցով պահանջվող ընդդիմության ձայները, «Քաղաքացիական պայմանագրից» Լուսինե Բադալյանն այսօր ասաց՝ ժամանակը ցույց կտա: Իշխանությունն ավելի վաղ հայտարարել է, որ հնարավոր է նաև ընդդիմությանը համոզեն, երբ նոր Սահմանադրության նախագիծը քննարկվի և հարցը արդեն հանրաքվեի դնելուն հասնի։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» արդեն հայտարարել է, որ նոր Սահմանադրությունում չի լինելու հղում Անկախության հռչակագրին։