Մատչելիության հղումներ

Իրանը պատասխանել է Թրամփի նամակին


Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչի

Իրանը պատասխանել է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ նշելով, որ նամակն ուղարկվել է մարտի 27-ին՝ Օմանի միջնորդությամբ։

«Պաշտոնական պատասխանը իրենից ներկայացնում է նամակ, որտեղ մեր տեսակետներ ամբողջությամբ ներկայացվել են մյուս կողմին», - ասել է արտգործնախարարը՝ նամակի բովանդակությունը չբացահայտելով։

IRNA-ն նշում է, որ Թրամփը մարտի 12-ին է նամակն ուղարկել Իրանին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների էմիսարի միջոցով։ Թեև նամակի բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել, Թրամփն ասել է, որ խնդրել է Իրանին բանակցություններ սկսել միջուկային նոր գործարքի շուրջ:

2018 թվականին Թրամփի օրոք ԱՄՆ-ն միակողմանի դուրս եկավ միջուկային համաձայնագրից և պատժամիջոցներ սահմանեց Թեհրանի նկատմամբ։ Հիմա էլ հայտարարում է, թե մտադիր է Իրանի դեմ ճնշումը հասցնել առավելագույն մակարդակի, որպեսզի Թեհրանի հրաժարվի միջուկային նկրտումներից։ Իրանը պնդում է, թե այս պայմաններում բանակցություններն անիմաստ են։

Օրերս Արաղչին Երևանում, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ «պատասխանը պատրաստման փուլում է և համապատասխան ձևով կներկայացվի»՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ Թեհրանի դիրքորոշումը միանգամայն հստակ է՝ Թեհրանն «առավելագույն ճնշումների ներքո, ռազմական սպառնալիքների ֆոնին, տնտեսական պատժամիջոցների ավելացման պայմաններում ԱՄՆ-ի հետ չի ունենա ուղիղ բանակցություն»:

IRNA-ի հետ զրույցում Իրանի արտգործնախարարը վերահաստատել է․ - «Մեր քաղաքականությունն է մնում չներգրավվել ուղիղ բանակցություններում՝ Միացյալ Նահանգների կողմից առավելագույն ճնշման քաղաքականության պայմաններում, միաժամանակ, ինչպես և անցյալում, ոչ ուղղակի բանակցություններն այս դեպքում էլ կարող են շարունակվել»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG