Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները հերթական անգամ կձախողվեն, քանզի Թեհրանը կանխատեսել էր, որ ԱՄՆ-ն նման քայլի կգնա և պատրաստվել էր այս սցենարին, հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարարը:
Ալի Մադանիզադեհը խոստովանել է, որ գնաճը, արժույթի արժեզրկումը և մի շարք ապրանքների պակասը լուրջ խնդիրներ են ստեղծում իրանցիների համար, ուստի կառավարությունը երկամյա ծրագիր է մշակել նոր պատժամիջոցներին դիմակայելու համար, նաև պատասխան միջոցներ կձեռնարկի:
«Նրանք ցանկանում են տնտեսական ահաբեկչություն իրականացնել մեր դեմ: Մենք ևս ունենք մեր գործիքները: Գիտենք ինչպես խաղալ այս խաղը... Այս անգամ նրանք չպետք է մտածեն, որ մեր պատասխանը կլինի զուտ պաշտպանական։ Նրանք պետք է ակնկալեն, որ մենք նաև կգնանք հարձակման։ Միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է»,- հայտարարել է Իրանի էկոնոմիկայի նախարարը։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակն իր հերթին հայտարարել է, թե փաստը, որ Վաշինգտոնն անցել է Թեհրանի դեմ տնտեսական պատերազմի, ինքնին վկայում է, որ ԱՄՆ-ն մարտի դաշտում պարտություն է կրել: Իրանի ոստիկանապետն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձգտում է երկրում «քաոս» ստեղծել՝ իր շահերը առաջ մղելու համար: «Թշնամին չի նահանջել և ձգտում է անկարգություններ հրահրել կա՛մ որոշակի վայրում, կա՛մ ամբողջ երկրով մեկ»,- իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ահմադռեզա Ռադանը:
Մինչ այդ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «տնտեսական գրոհ է սկսում աշխարհով մեկ Իրանի ֆինանսական կապերի դեմ»՝ ուժեղացնելու Թեհրանի նկատմամբ ճնշումը։ Ըստ Սքոթ Բեսենթի՝ դրա նպատակն է «կտրել յուրաքանչյուր տնտեսական զարկերակ, որն աջակցում է այս բռնատիրական ռեժիմին, քանի դեռ Թեհրանը լիովին մեկուսացված վիճակում չէ»: Բեսենթը նաև ասել էր, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քարտեզագրել է այն «ցանցերը, աջակիցներին և ֆինանսական ուղիները, որոնք Իրանն օգտագործում է իր նավթը մաքսանենգ ճանապարհով վաճառելու, պատժամիջոցները շրջանցելու և ահաբեկչությունը ֆինանսավորելու համար»:
Նախարարի խոսքով՝ նախագահ Թրամփը հեռախոսազանգեր է ունենում աշխարհի տարբեր առաջնորդների հետ, և յուրաքանչյուր երկրի հստակ ժամանակացույց կտրվի՝ Իրանի հետ կապված գործունեությունը դադարեցնելու համար։ Բեսենթը զգուշացրել էր՝ ԱՄՆ-ն անզիջում պայքար կմղի Իրանի «ապօրինի եկամտի ցանկացած աղբյուր թիրախավորելու հարցում»։
«Յուրաքանչյուր երկիր, կազմակերպություն պետք է հասկանա, որ պետք է պատրաստ լինի ԱՄՆ պատժամիջոցներին, և ոչ ոք բացառություն չի լինի։ Բոլորին պատասխանատվության կենթարկենք, և սա տնտեսապես խեղդելու է այս ռեժիմը։ Ոչ ոք չպետք է փորձի մեր վճռականությունը»,- հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։
ԱՄՆ-ն չի բացառում ռազմական գործողությունները
Չնայած Թեհրանի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական պատերազմին՝ ԱՄՆ պատերազմի նախարարը չի բացառել նաև ռազմական գործողությունները: Փիթ Հեգսեթն ասել է, որ անհրաժեշտության դեպքում կհարվածեն ինչպես Իրանին, այնպես էլ Հորմուզի նեղուցին, որով պատերազմից առաջ փոխադրվում էր աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը, իսկ հակամարտության վեց ամիսների ընթացքում երթևեկությունը խիստ սահմանափակ է: Նախարարը վստահեցրել է, որ տնտեսական պատժամիջոցները հիմա շատ ավելի լուրջ խնդիրներ են ստեղծում Իրանի համար, որը մինչ այդ էլ դժվարությունների էր բախվում Արևմուտքի պատժամիջոցների հետևանքով:
Հեգսեթի խոսքով.- «Եթե անհրաժեշտ լինեն ռազմական հարվածներ, կանենք դա։ Եթե Իրանն այնքան հիմար գտնվի, որ գերագնահատի իր հնարավորությունները կամ սադրի ամերիկյան զինուժին, կանենք այն, ինչ անհրաժեշտ է։ Սակայն տնտեսական ճնշումը, ինչպես գիտենք, ներկայումս ամենաշատն է վնասում նրանց»։
Կատարը, որը պատերազմի օրերին բազմիցս հարձակման է ենթարկվել Իրանի կողմից, հայտարարել է, որ չի միանա Իրանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներին: Արտգործնախարարության խոսնակ Մաջեդ Ալ-Անսարին ասել է, որ դրանք միակողմանի են, և Դոհան կցանկանար, որ Թեհրանն ու Վաշինգտոնը երկկողմ հարաբերություններում ծագած խնդիրները լուծեին բանակցությունների միջոցով:
Կատարի ԱԳՆ խոսնակը նշել է.- «Մեզ համար առաջնահերթությունը միշտ եղել է դիվանագիտական լուծման հասնելը բանակցությունների միջոցով։ Մենք կոչ ենք անում կողմերին լիովին ներգրավվել բանակցություններին և միջնորդական ջանքերին, որ առաջնորդում են Կատարը, Պակիստանը և տարածաշրջանի մյուս խաղացողները: Եվ մենք համարում ենք, որ դա այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է»։
Ու մինչ Վաշինգտոնն ու Թեհրանը սպառնալիքներով են փոխանակվում, Իրանի և Օմանի արտգործնախարարներն այսօր հանդիպել են Թեհրանում՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցությունները շարունակելու համար։ Միջնորդ Պակիստանն իր հերթին հայտարարել է, որ բանակի հրամանատարի Թեհրան կատարած այցի ընթացքում Իսլամաբադն ու Թեհրանը «զգալի առաջընթաց» են գրանցել խաղաղության հասնելու շուրջ բանակցություններում: Թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, չի նշվում: