Իրանի պատասխանն անսպասելի կլինի ռեժիմի համար՝ ինչպես ժամանակի, այնպես էլ ձևի առումով, ըստ իրանական IRNA գործակալության, հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը՝ անդրադառնալով՝ Թեհրանում հուլիսի 31-ին «Համաս»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանն Իրանի պատասխանին։
Թեհրանն Իսրայել է մեղադրում Հանիեի սպանության համար՝ սպառնալով պատասխան գործողություններով: Իսրայելը ո՛չ հաստատում, ո՛չ հերքում է սպանությանն իր առնչությունը։
«Հավանաբար, երբ նրանց հայացքը ուղղված կլինի երկինք ու ռադարի էկրանին, նրանք կապշեն այն ամենից, ինչ կատարվում է գետնին, կամ գուցե այդ երկուսում զուգահեռ», - ասել է ներկայացուցչությունը։
Հարցին, թե Իրանը միտումնավո՞ր է ձգձգում պատասխանը՝ սպասելով Գազայի հարցով բանակցությունների ավարտին, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը պատասխանել է․ - «Իրանի պատասխանը պետք է երկու հստակ արդյունք ունենա. նախ, պատժի ագրեսորին ահաբեկչության և Իրանի ինքնիշխանությունը խախտելու համար, և երկրորդ՝ հանգեցնի ռեժիմի կողմից խորը զղջման՝ ապագայում ցանկացած ագրեսիա կանխելու համար։ Սակայն, Իրանի պատասխանը պետք է լինի այնպիսին, որ բացասական ազդեցություն չունենա Գազայում հնարավոր հրադադարի վրա»։
Օրերս նաև Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի խոսնակ Ալիմոհամմադ Նաինին էր հայտարարել, որ Իսրայելը երկար կարող է սպասել իրանական պատասխան գործողություններին՝ ընդգծելով, որ ժամանակը Թեհրանի օգտին է։
«Թշնամին պետք է սպասի հաշվարկված ու ճշգրիտ պատասխանի», - ասել է նա։
Միացյալ Նահանգները խնդրել է Իրանի հետ կապեր ունեցող դաշնակիցներին համոզել նրան թուլացնել լարվածությունը Մերձավոր Արևելքում։