Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերակենդանացումը Բայդենի վարչակազմի օրակարգում չէ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն, արձագանքելով համաձայնագիրը թարմացնելու շուրջ նոր բանակցություններ սկսելու վերաբերյալ Թեհրանից հնչող ակնարկներին, կարճ ու հստակ պատասխանել է՝ նման հարց «այժմ սեղանի վրա չկա»:
«Այսպես թե այնպես Միացյալ Նահանգները կապահովեն, որ Իրանը երբեք միջուկային զենք չունենա, և մենք պատրաստ ենք օգտագործել ազգային հզորության բոլոր տարրերը՝ այդ արդյունքն ապահովելու համար», - ասել է խոսնակ Մեթյու Միլլերն՝ ընդգծելով՝ այնուամենայնիվ, Վաշինգտոնը շարունակում է դիտարկել «դիվանագիտությունը որպես կայուն, արդյունավետ լուծման հասնելու լավագույն միջոց»:
Իրանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Աբբաս Արաղչիի կողմից էր մի քանի օր առաջ հնչել այս առաջարկը։ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը, որ պաշտոնապես հայտնի է որպես 2015 թվականի միջուկային համաձայնագիր, իրանցի պաշտոնյայի պնդմամբ, «չի կարող վերակենդանանալ իր ներկայիս տեսքով»:
Հարցազրույցի ժամանակ Արաղչին խոստովանել է, որ բանակցությունների վերսկսումը դժվար գործընթաց է լինելու, սակայն դրա անհրաժեշտությունն այսօր օրհասական է։
«Այս փաստաթուղթն անպայման պետք է վերաբացվի, և դրա որոշ մասեր պետք է փոխվեն։ Հեշտ գործ չէ, քանզի վերաբացելուց հետո, այն նորից հավաքելը շատ դժվար է լինելու», - ասել է նորանշանակ նախարարը։
6 տարի առաջ՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դուրս է գալիս 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի միջև կնքված միջուկային պայմանագրից և «նոր թափով վերականգնում է Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները»։
Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» էր անվանել ավելի վաղ պատմական որակավորումն ստացած պայմանագիրը, որը կնքվել էր Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք՝ նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: Իրանի այդ ժամանակ գործող նախագահ Հասան Ռոհանին մեղադրել էր ԱՄՆ-ին միջազգային պարտավորությունները չհարգելու մեջ:
Բանակցությունների նոր փուլերը 2021 թվականից ակտիվ շրջան մտան, լավատեսական հայտարարություններ հնչեցին Բրյուսելից, Մոսկվայից, սակայն վերջնականապես փակուղի մտան 2022-ին՝ շոշափելի արդյունքներ այդպես էլ չգրանցվելով։ Անցած տարի Իրանի խորհրդարանում անգամ շրջանառության մեջ դրվեց միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին որոշման նախագիծը։ 2023-ին արտգործնախարարն էր Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, որը հայտարարեց, թե «երկխոսության համար այս պահին դեռևս բաց դուռը կարող է փակվել»։
Իսկ Իրանի նորանշանակ արտգործնախարար Արաղչին, որ այդ շրջանում փոխարտգործնախարար էր, Իրանի և համաշխարհային վեց գերտերությունների միջև գործարքի ճարտարապետներից մեկը և գլխավորում էր Իրանի բանակցային թիմը, այսօր արդեն հայտարարում է, որ 2021 թվականից սկսած բանակցությունների ձևաչափը այլևս չի կարող աշխատել. - «Անհրաժեշտ են նոր բանակցություններ»։
2022-ին բանակցություններն այդպես էլ մեռյալ կետից չշարժվեցին՝ նաև արևմտյան լրատվամիջոցների տրամադրության տակ հայտնված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) զեկույցի պատճառով, որում գործակալության փորձագետները պնդում էին, թե Իրանի տրամադրության տակ եղած հարստացված ուրանի պաշարներն այդ պահին 18 անգամ ավելին են եղել, քան 2015 թվականին կնքված պայմանագրով սահմանված առավելագույն շեմը։ Պաշտոնական Թեհրանն այս մեղադրանքները կտրականապես հերքել էր՝ պնդելով, որ ԱԷՄԳ-ն այս զեկույցը կազմել է արտաքին ուժերի՝ նախևառաջ Իսրայելի, կամ, ինչպես Իրանի իշխանություններն են այն անվանում, «սիոնիստական կազմավորման» ազդեցության տակ։
Իրանի արտգործնախարարությունն այսօր էլ շարունակում է պնդել, որ երկիրը հավատարիմ է միջուկային էներգիայի խաղաղ զարգացման հայեցակարգին, միջուկային զենքը բացակայում է պաշտպանական դոկտրինից, իսկ հակառակի մասին Վաշինգտոնի բոլոր հայտարարություններն անհիմն են և ամերիկյան նախընտրական քարոզարշավի մաս են կազմում: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնը ստանձնելուն պես խոստացել է համագործակցել Արևմուտքի հետ, չնայած որ երկրում վերջնական որոշում կայացնողը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին է, որը ժամանակին գոհունակություն էր հայտնել պահպանողականներին երկրի միջուկային ծրագրի ընդլայնման հարցում:
Ուշագրավ է, որ Իրանի նոր կառավարության կողմից «նոր բանակցությունների մեկնարկի անհրաժեշտության» մասին առաջարակ Արևմուտքին հնչում է հենց այն ժամանակ, երբ Թեհրանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իսրայելի հասցեին՝ զգուշացնելով, որ վրեժխնդիր է լինելու գրեթե մեկ ամիս առաջ Թեհրանում «Համաս»-ի (ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված կազմակերպություն) առաջնորդի սպանության համար։