«Իրանի միջուկային տեխնոլոգիաների զարգացումը հասել է բավական բարձր մակարդակի։ Եթե գործարքը չլինի, ապա այդ երկրի ռազմական կարողություններն ավելի կաճեն, իսկ եթե հաջողվի Վիեննայի համաձայնությունը կյանքի կոչել, ապա Իրանը կսահմանափակվի միջուկային ենթակառուցվածքների զարգացման ավելի ցածր մակարդակով, քան ներկայումս է»:
Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնության վերաբերյալ նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի նախագահի փոխօգնական դոկտոր Քոլին Քահլը՝ հավելելով. - «Ես չեմ հասկանում գործարքի հակառակորդներին։ Մենք միշտ էլ հնարավորություն ունենք դուրս գալ դրանից, կամ էլ ռազմական լուծում տալ հարցին, եթե զգանք, որ մեզ խաբում են»:
Օգոստոսի 13-ին Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների հաստատությունում տեղի են ունեցել հիշյալ գործարքին նվիրված քննարկումներ, որին մասնակցել է նաև ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի սպառազինության վերահսկման և միջուկային զենքի չտարածման գծով ավագ տնօրեն Ջոն Ոլֆսթալը։ Կարևորելով գործարքը, նա, մասնավորապես, ասել է. - «Մեր եվրոպացի գործընկերները մեզ չեն հասկանա, եթե Կոնգրեսը տապալի այդ գործարքի վավերացումը, քանի որ իրավիճակը Ուկրաինայում բարձրացնում է նրանց համար այս գործարքի անհրաժեշտությունը և՛ միջուկային անվտանգության, և՛ էներգետիկ առումներով»:
Պետքարտուղարության պատժամիջոցների քաղաքականության համադասողի տեղակալ Քրիս Բաքեմեյերը, ով մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացած բանակցություններին, ընդգծել է, որ Կոնգրեսի կողմից գործարքի մերժումը բացասական հետևանքներ կունենա:
«Գործարքի իրականացումը փուլային է լինելու: Առաջին փուլում Իրանը պետք է իրականացնի այն բոլոր պահանջները, որոնք անհրաժեշտ են միջուկային ռազմականացումը կանխելու համար: Այնուհետև կհանվեն պատժամիջոցները, իսկ պայմանավորվածությունների ճշգրիտ կատարման դեպքում 8 տարի հետո կհանվեն սպառազինությունների մատակարարման սահմանափակումները»,- հավելել է նա:
Հարցուպատասխանի ընթացքում շատերն են մտահոգություն արտահայտել գործարքի կասեցման հնարավորության կապակցությամբ:
Այդուհանդերձ, եթե Կոնգրեսին հաջողվի չեղյալ հայտարարել ԱՄՆ-ի ստորագրությունը, դա ամենևին չի նշանակում, թե գործարքը չի կայանա․ հնարավոր է, որ ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները հանվեն, ինչպես Իրանի և միջազգային հանրության միջև համաձայնության գալու պարագայում նախատեսում է ՄԱԿ-ի համապատասխան բանաձևը:
Սակայն եթե Իրանը, որպես հակաքայլ, հետագայում դարձյալ վերադառնա իր միջուկային ծրագրի ռազմականացմանը, այդ պարագայում դժվար կլինի ՄԱԿ-ում նոր պատժամիջոցներ սահմանել, քանի որ Ռուսաստանը, Չինաստանը և մի շարք այլ երկրներ հազիվ թե ցանկանան վերադառնալ պատժակարգի վերահաստատմանը: