Մատչելիության հղումներ

«Ժողովուրդներն ու առաջնորդները պետք է ընդունեն խաղաղության այլընտրանքի բացակայությունը»


«Ամերիկայի Ձայնի» թղթակից Տիգրան Մարտիրոսյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զրուցել է մասնագետների շրջանում հայտնի Ջորջ Մեյսընի Համալսարանի Հակամարտագիտության դպրոցի դասախոս ու Խաղաղության կերտման կենտրոնի տնօրեն Սյուզան Ալենի հետ:

Ըստ Սյուզան Ալենի՝ հակամարտագիտության տեսանկյունից յուրաքանչյուր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի խնդրի ամբողջական կարգավորման համար էական ու չափազանց կարևոր է բոլոր կողմերի առաջնորդների ներգրավումը ու նրանց հակվածությունը հարցի վերջնական կարգավորմանը: Ավելին, ըստ նրա, կարգավորումը պետք է բավարարի բոլոր կողմերին, այլապես այն կողմը, որը չի կարող հանդուրժել նման պայմաններ, կամ կվիժեցնի կարգավորման գործընթացը, կամ էլ հակամարտությունը ծածուկ բնույթ կստանա` նորից ծավալվելով հարմար առիթի դեպքում:

Մեզ համար հետաքրքրական էր՝ արդյոք ժողովրդավարությունը պետք է կարգավորման գործընթացի անքակտելի մաս լինի:

Սյուզան Ալենը կարծում է, որ վերջնական կարգավորման գործընթացը նախատեսում է այնպիսի առաջնորդների առկայություն, որոնք համապատասխանաբար լիազորված լինեն բնակչության կողմից: Եվ, քանի որ երկու ժողովուրդները շարունակելու են ապրել կողք կողքի, ուրեմն անհրաժեշտ է գտնել այնպիսի կարգավորում, որի հետ մարդիկ կկարողանան համակերպվել, այլապես վաղ թե ուշ այն մի նոր սրացման է բերելու:

«Հակամարտության կարգավորումը նախատեսում է ամբողջ հասարակության ներգրավումը խաղաղության գործընթացում, սկսած ղեկավարներից մինչև միջհամայնքային ու ներհամայնքային մակարդակ, ու որքան ավելի քննարկված ու ընդունելի լինեն լուծումները ու փոխզիջումները, այնքան ավելի ամուր կլինի խաղաղությունը հետհակամարտային շրջանում», - ասաց Սյուզան Ալենը:

Այն հարցին, թե արդյոք շոտլանդական օրինակը կարո՞ղ է տիպական դառնալ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման համար, պրոֆեսոր Ալենը մատնանշեց շոտլանդական հարցի կարգավորման եղանակի վերաբերյալ բոլոր կողմերի միջև առկա համաձայնությունը, ինչը բացակայում է հարավկովկասյան հակամարտ կողմերի մոտ: Ընդհանրություններ կարող են լինել եթե կողմերը կարգավորման եղանակների ու գործընթացի վերաբերյալ համաձայնություն ձեռքբերեն:

Ուկրաինայում հակամարտության ու Արևմուտք-Արևելք հարաբերությունների սրացման լույսի ներքո հետաքրքրական էր պարզել տեսլականը Հարավկովկասյան երկրների միջև հարաբերությունների շուրջ` հաշվի առնելով Վրաստանի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումը, իսկ Հայաստանի կողմից Եվրասիական միություն մտնելու հայտը:

Ըստ Սյուզան Ալենի՝ ինչ կարգի փոփոխություններ էլ որ լինեն քաղաքական դաշինքներում, միևնույն է աշխարհագրությունը չի փոխվելու, միևնույն է ժողովուրդները շարունակելու են ապրել միմյանց կողքին և բարգավաճելու համար անհրաժեշտություն են զգալու ապրել խաղաղությամբ միմյանց հետ: Նա կարևորեց, որ Հարավային Կովկասում ապրող ժողովուրդները ու իրենց առաջնորդները ընդունեն տարածաշրջանում խաղաղությանը այլընտրանքի բացակայությունը, քանզի երկարատև կայունությունը Հարավային Կովկասին անվտանգություն կբերի` արդեն անկախ որևէ քաղաքական վայրիվերումներից:​

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG