Մատչելիության հղումներ

Թուրքիայի քաղաքականությունը ԻՊ խմբավորման հանդեպ փոփոխություններ է կրում


F-16 կործանիչ ինքնաթիռը մոտենում է Ինջիրլիքի ռազմաբազային, Ադանա, Թուրքիա, արխիվ
F-16 կործանիչ ինքնաթիռը մոտենում է Ինջիրլիքի ռազմաբազային, Ադանա, Թուրքիա, արխիվ

Թուրքական հատուկ ծառայությունները իրենց տարածքում գործողություններ են սկսել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Իրականացվել են զինվորագրությամբ զբաղվող ծայրահեղականների ու ենթադրյալ նորակոչիկների մի շարք ձերբակալություններ, փակվել են ծայրահեղականների մի շարք կայքեր:

Հուլիսի ընթացքում թուրքական հատուկ ծառայությունները քայլեր են ձեռնարկել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: 21 ենթադրյալ ծայրահեղական է ձերբակալվել Թուրքիայի տարբեր քաղաքներում: Ըստ անվտանգության ուժերի՝ գործողություններ իրականացնելիս զենքի, զինամթերքի ու համազգեստների մեծ քանակություն է հայտնաբերվել: Տեղական լրատվամիջոցները նույնպես հաղորդում են, որ նոր զինվորագրված գրոհայիններ են ձերբակալվել, որոնք ուղիներ են փնտրել Թուրքիայով Սիրիա անցնելու ու «Իսլամական պետություն» խմբավորմանը միանալու նպատակով:

Շատերը կարծում են, որ ջիհադականների նկատմամբ սա Անկարայի դիրքորոշման մեջ փոփոխության նախանշաններից է: Անկարան արևմտյան իր դաշնակիցների նշանակալի ճնշման տակ է՝ «Իսլամական պետության» դեմ խիստ միջոցներ ձեռնարկելու առումով: Թուրքիայի սահմանը և՛ Սիրիայի, և′ Իրաքի հետ շատերի կողմից նկարագրվում է իբրև խիստ անցանելի ջիհադականների համար:

Նման փոփոխություններ առաջ եկան, երբ իշխող իսլամամետ կուսակցությունը նշանակալիորեն զիջեց իր դիրքերը խորհրդարանում ընտրություններից հետո: Դրանից հետո կոչեր հնչեցին փոխելու հարևանների նկատմամբ վարվող քաղաքականությունը: Մասնավորապես, նախկին նախագահ Աբդուլա Գյուլը, որը իշխող կուսակցության հիմնադիրներից է, հանդես եկավ իր կուսակցության արտաքին քաղաքականության քննադատությամբ, անվանելով այն Թուրքիան մեկուսացնող քաղաքականություն:

Սակայն դիտորդները կարծում են, որ վերջին փոփոխությունների պատճառով ջիհադականների վրեժի վտանգը չափազանց իրական է՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ թուրքեր ներգրավված են խմբավորման գործունեության մեջ:

Թուրքական իշխանությունները նաև մատնանշում են Սիրիայի հետ 911 կիլոմետրանոց հատվածի վերահսկման դժվարությունները՝ հաշվի առնելով, որ սահմանում փախստականների մշտական հոսք կա, իսկ Թուրքիան ամեն տարի ավելի մեծաթիվ զբոսաշրջիկների է հյուրընկալում:

Սակայն Թուրքիայի տարածքով Իրաք ու Սիրիա ուղևորվող «Իսլամական պետություն» խմբավորման նորակոչիկների առկայությունը մեծ ճնշում է առաջ բերում Անկարայի նկատմամբ: Զմյուռնիայից մինչև Այնթափ ջիհադականների դեմ իրականացված գործողությունները կարող են նաև այդ ճնշման հետևանք լինել:

Ըստ թուրքական պաշտոնատար աղբյուրների, այդ գործողությունները ուղղված են նաև Թուրքիայում հիմնավորված այսպես կոչված «քնած բջիջների» դեմ, որոնք նախապատրաստություններ են տեսնում անհրաժեշտ պահին ներսից օգնելու «Իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացմանը, ինչպես եղավ Մոսուլում և Իրաքի ու Սիրիայի այլ քաղաքներում:

Պատահական չէ, որ նման գործողությունները սկսվեցին ԱՄՆ-ի բարձրաստիճան պատվիրակության Թուրքիա այցելելուց հետո: Պատվիրակությունը Անկարայից պահանջել է համագործակցություն «Իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացվող արշավին:

Սակայն թուրք պաշտոնյաները ժխտում են պատվիրակության այցի ու գործողությունների միջև գոյություն ունեցող որևէ կապ, նշելով, որ պատվիրակությունը բանակցում էր զուտ Ինջիրլիքի ռազմակայանի շուրջ առկա խնդիրների շուրջ, որտեղից Թուրքիայի կառավարությունը չի թույլատրում ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից ջիհադականների ռմբահարումների իրականացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG