«Կարծել են, որ Ուլուբաբյան Տիգրանը միայնակ է։ Հիմա բոլորս եկեք Տիգրանի համար ասենք, որ ինքը միայնակ չէ։ Տիգրանը միայնա՞կ է»։ - «Ո՛չ» ․․․
Խոշտանգման մասին ահազանգելուց օրեր անց էլ իրավապահները չեն հստակեցնում, թե ովքեր են այն վեց ոստիկանները, որ ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծել, նվաստացրել, հայհոյել են արցախցի Տիգրան Ուլուբաբյանին, ինչպես վերջինս է ահազանգել: Քրեական գործ հարուցելու երրորդ օրը Քննչականից փոխանցում են, որ մեղադրյալներ չկան, ինչո՞ւ՝ չեն բացատրում:
«Անմեղ մարդուն վերցնում են տանում։ Հիմա ես ո՞նց էդ քաղաքում սրանից հետո ապրեմ, եթե իրանց համապատասխան օրենքով չպատժեն, էլ դրանից հետո ես որ ըտեղ ապրեմ՝ պիտի վախենալով ապրեմ, էլ ո՞ւմ ա պետք ըտեղ ապրելը։ Կարող ա էս դեպքից հետո, մի ամսից հետո գան էլի ասեն՝ «արի գնանք էրկու րոպե զրույց անենք», էլի տանեն տենց տփեն, էլի գանք ստե, ասենք՝ մեզ տարել են տփել, չկարանանք ապացուցենք», - ասաց Ուլուբաբյանը։
Այսօր Քննչական կոմիտեն նորից է հարցաքննում արցախցի երիտասարդին, ինչից հետո կկարողանա կողմնորոշվել, թե ովքեր են նրան խոշտանգած ոստիկաններն ու ըստ այդմ էլ որոշում կկայացնի՝ ձերբակալե՞լ, թե՞ չձերբակալել նրանց: Իսկ թե ինչու մինչև երեկ Քննչականի առջև կայացած բողոքի ակցիայից առաջ չէին դա պարզում, հստակ չէ:
«Քննչական կոմիտեն ներկա դրությամբ չգիտի՝ ովքեր են հանդիսանում էդ վեց ոստիկանները, ովքեր Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են խոշտանգման։ Հաջորդ հարցի պատասխանը՝ ձերբակալվա՞ծ է արդյոք ներկա դրությամբ որևէ ոստիկան, կամ պատրաստվո՞ւմ է արդյոք էս պահի դրությամբ կատարվել էդպիսի գործողություն, քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ՝ ևս պատասխանը բացասական է, որևէ ոստիկան ձերբակալված չէ», - հայտարարեց փաստաբան Ռոման Երիցյանը։
Դեպքը տեղի է ունեցել մարտի 14-ին: Քրեական գործը հարուցվել է չորս օր անց՝ մեծ աղմուկից հետո: Բայց մինչև օրս հստակ չէ, թե ինչ քննչական գործողություններ են արել իրավապահները, որ հայտնաբերեն Ոստիկանության Լոռու մարզային վարչության այն աշխատողներին, որոնք 29-ամյա տղամարդուն կանչել են զրույցի ու, ինչպես Տիգրան Ուլուբաբյանն է պնդում, ստիպել, որ իր վրա վերցնի բարեկամի տնից կատարված գողությունը: Հայտնի է միայն, որ երիտասարդը հարցաքննվել է, դատաբժշիկն արձանագրել է մարմնի վնասվածքները: Տիգրանը պատմում է, որ իրեն ստորացրած ու ծեծած ոստիկանները կարծել են, թե ինքը միայնակ է, ու կարող են իրեն ստիպել ընդունել ուրիշի մեղքն իր վրա:
«Տենց տարել ա տենց տեղ, թե «արի, էսա մշակում ենք քեզ, պրիզնատ արի, դու ես կազմակերպել», ես էլ ասում եմ՝ «եթե ես եմ կազմակերպել, ապացուցի», պետն ասում ա՝ «ես բոլոր սրբություններովս եմ երդվում, որ դու պրիզնատ գաս, ես քեզ ստեղից չոր կհանեմ», ես էլ ասում եմ՝ «ինձ ոչ մի ոչ պրիզնատ գալու բան ունեմ, ոչ էլ էս», - պատմեց արցախցի երիտասարդը։
Ուլուբաբյանին երեկ Քննչական կոմիտեի շենքի առջև սատարելու էին եկել մի քանի տասնյակ մարդիկ: Փաստաբան Ռոման Երիցյանը մտահոգված է՝ այդ ոստիկանները հիմա ոչ միայն ազատության մեջ են, այլև աշխատանքի են գնում ու անարգել կարող են վերացնել խոշտանգման բոլոր ապացույցները:
«Մենք առաջարկել ենք, որ Տիգրան Ուլուբաբյանը կարող է ձեռքով ցույց տալ, մատնացույց անել բոլոր էն ոստիկաններին, ովքեր իր նկատմամբ բռնություն են կատարել, որպեսզի նրանց ձերբակալեն, նրանց մեղադրանք առաջադրվի և նրանց պաշտոնավարումը կասեցվի, Քննչական կոմիտեն մեր այս մոտեցումը չի կիսել», - հայտարարեց Երիցյանը։
Այսօր երեկոյան Տիգրանի աջակիցները նորից հավաքվել են Քննչականի շենքի առջև՝ կրկին մեկ պահանջով՝ հասնել արդարադատության: