Ստեփանակերտի քաղաքապետի մեղադրանքը մեղմացվել է: Դատախազը խարդախության հոդվածը փոխարինել է ինքնիրավչությամբ: Ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներ են պարզել ավելի քան կես տարվա քննության ընթացքում՝ իրավապահները չեն մանրամասնում:
Ընդդիմության համակիր Դավիթ Սարգսյանին հայաստանյան իրավապահները մեղադրում են Ստեփանակերտին պատկանող 4 ավտոմեքենաները՝ երկու «Վազ 21», մեկ «Տոյոտա» ու մեկ «ՈւԱԶ» Հայաստան բերելու և ավելի քան 19 միլիոն արժողության գույքը այլ անձանց նվիրելու համար:
Կինը՝ Էռնա Ջավադյանն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երկամսյա կալանքից հետո ամուսինը հիմա վարչական հսկողության տակ է: Փողոց դուրս գալու իրավունք ունի առավոտյան 7-ից մինչև երեկոյան 7-ը, բայց սահմանափակումներով:
«Բացի ճանապարհով քայլելուց, ուրիշ ոչ մի բան անելու իրավունք չունի: Այսինքն, ոչ իրավունք ունի խանութ մտնի, զվարճանքի ու սպասարկման սրահներ, դե եթե էդպես նայենք, բոլոր սրահները՝ բանկ, վարսավիրանոցներ, իրավունք չունի: Անգամ եթե իր փոքր երեխայի հետ դուրս է գալիս, երեխան ասում է՝ «կոնֆետ եմ ուզում», ինքը իրավունք չունի իր երեխայի հետ մտնի խանութ», - ներկայացրեց կինը:
Ստեփանակերտի քաղաքապետից բացի, նույնանման մեղադրանքներ էին առաջադրվել նաև Ասկերանի ու Մարտակերտի քաղաքապետերին, բայց նրանց դեպքում քրեական հետապնդումը դադարեցվել է. պարզել են, որ նրանք հանցավոր արարք չեն կատարել: Իրավապահներն առաջնորդվել են նաև կառավարության նոր որոշումներից մեկով, ըստ որի արցախցիներին հնարավորություն է տրվում իրենց հետ բերված ավտոմեքենաները տալ նրանց, ովքեր դրանք փաստացի տնօրինում են:
«Այսինքն, ասում են՝ փաստացի տիրապետող, գնացեք և գրանցեք: Ստեփանակերտի քաղաքապետն առաջին օրվանից ասել է, որ բոլոր մեքենաները հանձնվել են փաստացի տիրապետողներին», - նշեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Մեզ ասում են՝ էս մեքենան կառավարության որոշման տակ ընկնում է, էն մեկը՝ ոչ»
Այդ դեպքում ինչո՞ւ Դավիթ Սարգսյանի հետապնդումը ևս չի դադարեցվել: Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ, Ստեփանակերտի քաղաքապետարանի ավտոմեքենաները Հայաստանի կառավարության սահմանած ցանկում չկան:
«Անհասկանալիորեն տարբերակումներ են դրվել մեքենաների միջև ու հիմա մեզ ասում են՝ էս մեքենան կառավարության որոշման տակ ընկնում է, էն մեկն էլ չի ընկնում: Ինչո՞ւ, պատասխանը պարզ է, որովհետև կառավարության որոշման մեջ իրենք գրել են՝ մարդատար մեքենաները մտնում են, «Պիկապները» չեն մտնում և այլն», - ասաց Մելիքյանը:
Ստեփանակերտի քաղաքապետի կինն էլ պնդում է՝ ամուսնու քրեական հետապնդումը չեն դադարեցնում, նրան պահում են փաստացի տնային կիսակալանքի տակ, քանի որ հակառակ դեպքում Սարգսյանը կկարողանա իր շուրջ համախմբել շատերին:
Իրավապահները Սարգսյանին ձերբակալել էին այս մայիսին՝ այն ժամանակ, երբ նա ու մյուս արցախցիները ակտիվ մասնակցում էին վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների հանրահավաքներին։
Քննչականն ամիսներ շարունակ պնդում էր՝ Դավիթ Սարգսյանը նպատակ է ունեցել իրենով անել համայնքային գույքն ու կեղծ փաստաթղթեր է պատրաստել: Ինքնիրավչության այս նոր մեղադրանքն առաջադրվել է նաև Ստեփանակերտի ավագանու 7 անդամներին:
«Մենք առաջին իսկ րոպեից հարց ենք տալիս՝ ո՞վ է տուժողը, ՀՀ-ն որպես ի՞նչ է հանդես գալիս։ Այդ հարցի պատասխանը մենք չենք ստացել, երբ դատարանի դահլիճում խափանման միջոցի հարցն էր քննարկվում, չենք ստանում քննիչներից, դատախազներից, և պարզվեց, որ այդ հարցը իրականում պատասխան չուներ և չէր էլ կարող ունենալ», - նշեց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապահները չեն պատճառաբանում, թե ինչու որոշեցին մեղմացնել Ստեփանակերտի քաղաքապետի մեղադրանքը՝ մյուսների նման քրեական հետապնդումը դադարեցնելու փոխարեն: Փաստաբան Մելիքյանի գնահատմամբ՝ Արցախի համայնքապետերին Հայաստանում առհասարակ մեղադրելու իրավունք չկար, ո՞ւմ գույքն է հափշտակվել՝ Հայաստանի՞, հարցնում է փաստաբանն ու պնդում՝ դա Արցախի գույքն է եղել, նրանք էլ բերել են Հայաստան ու ըստ կարգի՝ դրանք հաշվառել այստեղի կանոններով, որպեսզի կարողանան շահագործել:
«Այդ մեքենաները Հայաստանի Հանրապետությունը հափշտակել է Արցախի Ստեփանակերտի համայնքին պատկանող գույքը, ՀՀ կառավարությունը որոշել է, որ Ստեփանակերտին պատկանող ավտոմեքենան այլևս Ստեփանակերտը չի տնօրինում, պետք է դառնա ՀՀ սեփականությունը ու մարդկանց ձեռքից առել», - հավելեց նա։
Ստեփանակերտի համայնքային չորս մեքենաներն այժմ, ըստ փաստաբանի, արգելանքի տակ են: Ենթադրվում է, որ գործն առաջիկայում կուղարկվի դատարան: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Դավիթ Սարգսյանին մեկ տարվա ազատազրկում է սպառնում: