Թուրքիայում բողոքի ակցիաներ են մեկնարկել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալման դեմ։
Ցուցարարները Ստամբուլում հավաքվել են քաղաքապետարանի շենքի, ոստիկանական այն բաժանմունքի մոտ, որտեղ տեղափոխվել է Իմամօղլուն իր տանը խուզարկությունից հետո։
Բողոքի ակցիաներ են նաև Իմամօղլուի դիպլոմը ձերբակալությունից մեկ օր առաջ չեղարկած համալսարանի մոտ։ Դիպլոմի չեղարկումով Էքրեմ Իմամօղլուն զրկվել է նախագահական ընտրություններում առաջադրվելու օրինական իրավունքից։
Նախօրեին Ստամբուլի նահանգապետարանն արգելել է հանրահավաքների, ակցիաների անցկացումը։ Չնայած արգելքին՝ բողոքի ցույցերը շարունակվում են, այդ թվում՝ մայրաքաղաք Անկարայում։
BBC-ն հաղորդում է, որ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել համալսարանի շենքի մոտ հավաքված ուսանողների նկատմամբ։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Օզգուր Օզելը, որը մտադիր էր առաջիկա ընտրություններում նախագահի պաշտոնում առաջադրել Էքրեմ Իմամօղլուի թեկնածությունը, նրա ձերբակալությունը հեղաշրջման փորձ է որակել։
Թուրքական ընդդիմության ամենամեծ ժողովրդականություն վայելող գործիչը ձերբակալվել է մարտի 19-ին վաղ առավոտյան՝ փողերի լվացման, անօրինական եկամուտ ստանալու և ֆինանսական միջոցների ստվերային հոսքին առնչություն ունենալու կասկածանքով։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս գործով ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է հարյուրի։