Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի ռազմավարական համագործակցության պայմանագիրը վավերացնելուց հետո Մոսկվայում այսօր հանդիպում են երկու երկրների արտգործնախարարները։
Ռուսաստան զորքեր ուղարկելու Արևմնուտքի պնդումների ֆոնին՝ Հյուսիսային Կորեայի արտաքին գերատեսչության ղեկավար Սոյ Ցոն Հին հայտարարել է, թե պատերազմի հենց մեկնարկից իրենց առաջնորդը հանձնարարել է «օգնել ռուսական բանակին և ռուս ժողովրդին իրենց սրբազան պատերազմում»։ Թե ինչպիսի օգնության մասին է խոսքը, նա չի հստակեցրել։
- Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունը տևական ժամանակ ահազանգում է, որ իր ոխերիմ թշնամի Հյուսիսային Կորեան պատրաստվում է ռազմական անձնակազմ, այդ թվում՝ զինվորական օդաչուներ ուղարկել Ռուսաստան։ Սեուլի հաշվարկներով՝ խոսքը մինչև 12 հազար զինծառայողի մասին է, որոնց նախատեսվում է ուղարկել մինչև այս տարեվերջ:
- Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո երկկողմ ռազմական համագործակցությունն ամրապնդած Մոսկվան ու Փհենյանը կտրականապես հերքում էին այդ պնդումները՝ դրանք որակելով «կեղծ լուրեր», հայտարարելով նաև, որ ռուս-հյուսիսկորեական ռազմական համագործակցությունը համապատասխանում է միջազգային իրավունքին:
- Շրջանառվող տեղեկություններն ըստ էության հաստատվեցին հոկտեմբերի 28-ին, երբ ՆԱՏՕ-ն պաշտոնապես հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Ռուսաստանի Կուրսկի մարզում է։