Չինաստանում մարդու մետապնևմովիրուսային վարակի բռնկումից հետո Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) շտապում են հանգստացել՝ ապրիլից մինչև այսօր Հայաստանում մետապնևմովիրուս չի հայտնաբերվել։
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հորդորում է խուճապի չմատնվել։
«Այո, ամբողջ աշխարհում դիտարկվում է որոշակի աճ սուր շնչառական վարակների առումով, սակայն նաև պետք է ասել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խիստ վերահսկողության տակ է պահում Չինաստանի այն տվյալները, որ իրենց մոտ մետապնևմավիրուսը տարածված է, և մենք էլ մեր հերթին ամենօրյա հսկողության տակ ենք պահում», - ասաց Աբովյանը:
Մարդու մետապնևմովիրուսը կամ HMPV-ը սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:
Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում վիրուսի մասին գրել էր. - «Ահազանգող է, որ HMPV վարակի տարածումը հանգեցրել է հանկարծակի մահվան դեպքերի զգալի աճի, հատկապես՝ 40-ից 80 տարեկան անձանց շրջանում: Ավելացել է նաև մինչև 14 տարեկան երեխաների թոքաբորբով հոսպիտալացված դեպքերի թիվը»:
Ռոմելլա Աբովյանն ավելացնում է՝ սուր շնչառական բոլոր վարակների դեպքում նույն խմբերն են թիրախային համարվում։ Հավելում՝ հունվարի առաջին շաբաթվա ընթացքում 1.2 անգամ նվազել է թոքաբորբով դիմելությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Որո՞նք են ախտանշանները
Ջերմություն, հազ, քթահոսություն, դժվարացած շնչառություն, գլխացավ... մետապնևմովիրուսային վարակի ընդհանուր ախտանշաններն են սրանք։ Համաճարակաբանները հիշեցնում են՝ սա նոր վարակ չէ, 2001-ին էր դեռ հայտնաբերվել, օրինաչափ է, որ 5-7 տարին մեկ վիրուսն ակտիվանում է։
2023 թվականին Հայաստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10 դեպք, անցած տարի 5 անգամ ավելացել են վարակի դեպքերը՝ միայն հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 հիվանդ։
3-ամյա Արթուրի տաքությունը գիշերը կտրուկ բարձրացել է, շտապել են Արաբկիր բժշկական համալիր։ Ինչ վիրուս է՝ չգիտեն։ Ամեն օր 100-ից ավելի երեխա է դիմում, 40-ից ավելին հոսպիտալացվում է։ Արաբկիր բժշկական համալիրը լեփլեցուն էր։
Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի մանկաբույժ Աստղիկ Միրզախանյանն ընդգծում է՝ օրինաչափությունն այս տարի էլ պահպանվեց. Ամանորից առաջ, հետո, ընթացքում բալիկները շատ հիվանդացան։
Բոլոր վարակների դեպքում բժիշկների հորդորը մեկն է՝ ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվանալ օճառով, խուսափել շնչառական վարակների ախտանիշներ ունեցող մարդկանց հետ սերտ շփումից, ախտահանել տան և աշխատավայրում առարկաների մակերեսները, կեղտոտ ձեռքերով դեմքին չդիպչել, օդափոխել տարածքը։