Մարդասիրական օգնություն տրամադրող գործակալությունները ջանքեր են գործադրում` օգնելու համար Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի և «Համաս»-ի զինյալների միջև արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց: Նրանց մի մասը ապաստան է գտել Գազա քաղաքում գտնվող քրիստոնեական եկեղեցիներից մեկում:
Գազայում Հույն Ուղղափառ եկեղեցու առաջնորդարանը դարձել է իրենց բնակարաններից փախուստի դիմած ավելի քան 800 մահմեդականի ապաստանը:
Առաջնորդարանում այժմ բնակվող Գազայի որոշ բնակիչներ այնտեղ ապրում են հակամարտության առաջին իսկ օրերից: Այլոք նախ փորձել էին ապաստան գտնել ՄԱԿ-ի դպրոցներում, սակայն այնտեղ արդեն տեղ չկար:
«Եկանք այստեղ, և քահանան մեզ համար բացել է եկեղեցու դռները», - հիշում է Մոհամեդ Խալաֆը, որն իր ընտանիքի 30 անդամների հետ Հույն Ուղղափառ եկեղեցու Առաջնորդարանում է գտնվում արդեն երեք շաբաթ:
Առաջնորդարանում ապաստան գտած ընտանիքներից բացի եկեղեցին օգնություն է տրամադրում մոտակա փողոցներում բնակվող 1600 մարդու:
Մարդիկ այցելում են մոտակա մզկիթը միայն աղոթքի ժամերին` մտավախություն ունենալով, որ այն կարող է ռմբակոծության ենթարկվել:
Մոհամեդ Խալաֆին չի մտահոգում այն հանգամանքը, որ ինքը եկեղեցում է բնակվում:
«Քրիստոնեությունն ու մահմեդականությունը գրեթե նույն կրոնն են: Մենք մեկ ժողովուրդ ենք, մեր մեջ տարբերություն չկա», - համոզված է նա:
Նույն կարծիքին է, ըստ Գազայում օգնություն տրամադրող «Աներա» կազմակերպությունից Ռանիա ալ-Հելոի, տեղի բնակիչների մեծամասնությունը:
«Այս եղբայրությունը, մահմեդականների և քրիստոնյաների միջև կապերը ամուր են եղել Գազայի ողջ պատմության ընթացքում», - ասում է նա:
Այս միասնությունը շատ անհրաժեշտ կլինի գալիք ժամանակների համար, երբ Գազայի բնակիչները սկսեն վերացնել պատերազմի հետևանքները: