Երկրորդ օրն է՝ Լոս Անջելեսի անտառներում բռնկված հրդեհը չդադարող ուժեղ քամու հետևանքով նոր տարածքներ է կուլ տալիս։ Ավելի քան 30 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ այրվող տներից։ Կրակի մեջ են Փասադենա, Փելիսեյդ, Սանտա Մոնիկա, Մալիբու, Սիլմար բնակավայրերը։
Գիշերը անքուն են լուսացրել Լոս Անջելեսի հայերը։ Լոս Անջելեսում բնակվող լրագրող Գոհար Վեզիրյանը պատմում է՝ սոցցանցի հայկական խմբերում են տեղի հայերը միմյանցից տեղեկություն ստանում և նաև աջակցություն կազմակերպում, հյուրընկալում միմյանց։
Փասադենայի հայկական եկեղեցին դռներն է բացել հրդեհվող տներից փախած ընտանիքների համար։ Բրբանկը, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում, այս պահին ռիսկի գոտի է:
Միացյալ Նահանգների պաշտոնական աղբյուրները զոհերի մասին տեղեկություն առայժմ չեն հրապարակել, հայտնի է միայն, որ կան այրվածքներ ստացած քաղաքացիներ։
Չնայած հրշեջների ջանքերին՝ կրակը զսպել չի ստացվում չդադարող փոթորիկների պատճառով։ Ավելին՝ արդեն երրորդ հրդեհն է ծավալվում Կալիֆորնիայում։ Իրավիճակը բարդանում է նաև ցածր խոնավության պատճառով։ Հիդրոօդերևութաբանները նույնպես լավ լուրեր չունեն. «Մենք անվտանգ չենք։ Հիդրոօդերևությաբանության ազգային ծառայությունը կանխատեսել է, որ քամիները ուժգնանալու են մինչև առավոտյան ժամը հինգը»։
Այս օրերին Լոս Անջելեսում է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն, ըստ միջազգային լրատվամիջոցների, նա իր հյուրանոցի պատուհանից է տեսել ծխի ամպերը։
Սպիտակ տունն աջակցելու և վնասները փոխհատուցելու պատրաստակամության մասին է հայտնել։ Կրակի ռիսկի գոտում է Կալիֆորնիայի ամենամեծ՝ Գեթի թանգարանը, շենքն անվնաս է, սակայն թանգարանի պատասխանատուները հայտարարել են այն մինչև հունվարի 13 -ը փակ պահելու մտադրության մասին։ Մալիբուում գտնվող Գեթի Վիլայում թանգարանի անտիկ շրջանի հավաքածուն է։
Կրակից չեն փրկվել Փելիսեյդ էլիտար թաղամասի բազմաթիվ առանձնատներ: Այս թաղամասը հայտնի է իր աստղային բնակիչներով՝ Թոմ Հենքսից մինչև Ջենիֆեր Լոպես։