Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը e-draft հարթակում հրապարակել է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագիծը։ Այն դեռ պետք է հավանության արժանանա կառավարության նիստում։
Հանրային գերակա շահի մասին օրենքը սահմանում է, որ որոշման ընդունումից հետո սեփականատերը պետք է փոխհատուցում ստանա։ Հրապարակված նախագծում, սակայն, փոխհատուցման չափերի մասին ոչինչ չի նշվում։ Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարար ընկերությունը հանրային գերակա շահ ճանաչելու հիմնավորման մեջ միայն նշվում է՝ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից լիցենզիայի դադարեցումը ցույց է տվել, որ պետությունը գնահատել է հնարավոր խախտումները որպես այնպիսիք, որոնք կարող են վնասել հարյուր հազարավոր բաժանորդների շահերը»։
2026-ի փետրվարին կառավարությունը դիմել է ՀԷՑ-ի ղեկավարներին՝ առաջարկելով օտարել ընկերության բաժնետոմսերը համաձայնեցված կարգով, որին պատասխան չի ստացվել։ Ազատությունն ավելի վաղ գրել էր, որ կառավարությունը խոշոր ընկերության համար 380 հազար դոլար էր առաջարկել, պայմանով, որ դրա սեփականատերը նաև վերադարձնի 10 տարիներին ստացած շահաբաժինները։ ՀԷՑ-ի նախկին ղեկավարներն անընդունելի էին համարել այս առաջարկը, անվանել այն տրամաբանությունից ու բանականությունից դուրս։
Կառավարությունը վստահ է՝ հաշվի առնելով ՀԷՑ-ի բացառիկ նշանակությունը, դրա ազդեցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա, ինչպես նաև ոլորտի բնական մենաշնորհային բնույթը, առկա են բավարար իրավական և հանրային հիմքեր՝ ՀԷՑ-ի գործունեությունը հանրության գերակա շահ ճանաչելու համար։
Ըստ փաստաթղթի, նախատեսվում է, որ գերակա շահ ճանաչվելուց հետո ՀԷՑ-ի բաժնետոմսերի օտարման գործընթացը կավարտվի մինչև եկող տարվա հոկտեմբերի 1-ը։ Սպասվում է, որ եռամսյա ժամկետում պետք է գնահատվի ՀԷՑ-ի շուկայական արժեքը անկախ գնահատողի կողմից, որից հետո կկազմակերպվի փոխհատուցումը։
Անկախ գնահատողի ներգրավումը ՀԷՑ-ի օտարման մեջ կազմակերպվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։ Եթե անկախ գնահատողի հաշվետվության հետ ՀԷՑ-ի ներկա սեփականատերերը համաձայն չլինեն, կարող են այն բողոքարկել նախարարություն կամ դատարան, ինչի ընթացքում, սակայն, հանրային գերակա շահ ճանաչելու ու փոխհատուցման գործընթացը կանգ չի առնի։