Մատչելիության հղումներ

«Հույս ունենք՝ փոփոխության կենթարկվի». արցախցիները բողոքում են բնակարանային ապահովման ծրագրից


Արցախից տեղահանված Ժորա Հայրապետյանն 8 ամիս է՝ փորձում է հասկանալ՝ որտե՞ղ է հնարավոր պետության աջակցությամբ իր երեքհոգանոց ընտանիքի համար տուն գնել, որ նաև աշխատանքի հնարավորություն ունենա՝ հոգսերը հոգա։

Երիտասարդ տղամարդը՝ մոր ու հաշմանդամ տատիկի հետ Գորիսում է ապրում։ Թերահավատ է, թե իրենց կհաջողվի նորմալ պայմաններով տուն գնել, անգամ գյուղերում իրենց 3-ին տրվող 15 միլիոն դրամ աջակցությամբ։ Դա է պատճառը, որ դեռ չեն շտապում բնակարանային ապահովման ծրագրին դիմել։

Սյունիքում հաստատված Հայրապետյանի շրջապատում էլ գրեթե տեղահանված ընտանքի չկա, որ օգտված լինի ծրագրից։ Բոլորն են բողոքում, սակայն իրենց դժգոհությունը լսող չկա, սրտնեղում է երիտասարդ տղամարդը։ Բայց դեռ հույսը չի կորցնում, որ պետությունը կփոփոխի ծրագիրը։

«20 թվականին տեղահանվածներն են հիմնականում դիմել, 23 թվականին [տեղահանվածները] մեր շրջապատում դեռ չեն դիմել: Հույս ունենք, որ էս որոշումը փոփոխության կենթարկվի», - ասաց Հայրապետյանը:

Բնակարանային ապահովման ծրագիրը կառավարությունն անցած ամռանը սկսեց, այն երեք փուլով է՝ նախատեսված է 25 հազար տեղահանցված ընտանիքի համար. առաջին փուլում երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի, կամ էլ հաշմանդամություն ունեցողների ընտանիքներն են ներառված՝ 4200 ընտանիք։ Անցած 8 ամիսներին, սակայն, քչերն են դիմել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում ընդունում են՝ թիվը սպասվածից քիչ էր

«Դիմելիություն գրեթե չունեինք, առաջին 30 հավաստագիրը տրամադրել ենք տարեվերջին, բայց արդեն ներկայում ունենք 633 հավաստագիր, որից 550-ը ձեռքբերման բաղադրիչով, 28-ը կառուցապատման, 55-ը՝ գործող հիփոթեքային վարկի մարման: Վստահեցնում եմ, որ այդ թվերն առաջիկայում ավելի կմեծանան, որովհետև դեռևս ունենք հայրենակիցներ, որվքեր սպասում են իրենց քաղաքացիությանը», - ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը:

Սոցապնախարարության խորհրդական, բնակարանային ծրագիրը համակարգողներից Գայանե Ղարագյոզյանն ասում է՝ դիմողների փոքր թիվն է պատճառը, որ անցած հինգշաբթի կառավարությունը մի շարք փոփոխություններ մտցրեց ծրագրում։ 300-ով ավելացվել են այն բնակավայրերը, որոնց համար պետությունը հիմա ամեն ընտանիքի անդամի հաշվով տրամադրում է 4 միլիոն դրամ տուն գնելու կամ կառուցելու համար։

Արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանը թերահավատ է, թե անգամ կառավարության փոփոխություններից հետո շատերը կցանկանան դիմել բնակարանային ապահովման ծրագրին։ Կառավարության այս ծրագիրը ձախողված է համարում, ասում է՝ այն փոփոխությունները, որոնք արվել են, տեսանելի չեն ու իրավիճակ դժար թե փոխեն

«Բազմաթիվ առաջարկություններ են եղել տեղահանվածների կողմից, ցավոք սրտի, դրանց շատ փոքր մասն է այս պահին ընդունվել: Մեր կողմից ներկայացված առաջարկներում եղել է, որ պետք է հստակորեն լինի բազային գումարի վերանայում անխտիր բոլոր տեղահանվածների համար անկախ այն հանգամանքից, թե տեղահանվածը Հայաստանի Հանրապետության որ բնակավայրում կընտրի իր ապագա տունը», - նշեց Պետրոսյանը:

Արցախցի տեղահանված ընտանիքի ամեն մի անդամի ամենամեծը՝ 5 միլիոն դրամի աջակցություն պետությունն առաջարկում է հիմնականում գյուղական 240 համայնքներում, դրանց մեծամասնությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ են։

Մինչդեռ ադրբեջանական ագրեսիան տեսած արցախցիներից շատերը խուսափում են սահմանամերձ գյուղերում ապրել։ Ոչ միայն անվտանգության պատճառով, այլև որ աշխատանք չկա, անգամ քաղաքներում։ Ստեփանակերտից տեղահանված Ժորա Հայրապետյանը գրեթե մեկուկես տարի է՝ Գորիսում աշխատանք է փնտրում։

Քիչ չեն մարդիկ, որ խնդիրների են բախվում, երբ փորձում են ծրագրից օգտվել։ Շատերը հավելյալ գումար չեն կարողանում ներգրավել բանկերից, որ պետության աջակցությանն ավելացնեն ու նվազագույն պայմաններով տուն գնեն։

Կառավարությունը նախատեսում է բնակարանային ծրագիրն ավարտին հասցնել մինչև 2029 թվականը։ Չնայած դեռ առաջին փուլում նախատեսված ընտանիքներից միայն դեռ 15 տոկոսն է դիմել, կարծում են, թե վերջին փոփոխություններից հետո ծրագրից օգտվողների թիվն ավելանալու է։

XS
SM
MD
LG