ԵՄ արտգործնախարարներն Ուկրաինային նվազագույնը 20 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցության փաթեթ են պատրաստում, ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, հայտարարելով, որ Հունգարիան չի միանա այդ ծրագրին։
«Մենք թույլ չենք տա հունգարացի հարկատուների փողերով ֆինանսավորել զենքի փոխադրումը Ուկրաինա։ Փոխարենը մենք աջակցում ենք խաղաղ բանակցություններին։ Նախագահ Թրամփի շնորհիվ վերջին երեք տարիներին խաղաղության հույսը երբեք այնքան մոտ չի եղել, որքան հիմա», - ֆեյսբուքում գրել է Հունգարիայի ԱԳ նախարարը։
Ջիդդայում մարտի 11-ին տեղի ունեցած բանակցություններից հետո ԱՄՆ-ն ու Ուկրաինան համատեղ հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ Ուկրաինան համաձայնել է ընդունել անհապաղ 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկը և քայլեր ձեռնարկել Ռուսաստանի ներխուժումից հետո կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ ասաց, որ «գնդակն այժմ Մոսկվայի դաշտում է»։
Շաբաթ օրը Ուկրաինային օգնել ցանկացող 26 երկրներ Մեծ Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ հեռավար հանդիպում են անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տալ ապագայում խաղաղության համաձայնագիր կնքելու դեպքում: