Ապրիլի 30-ին Վաշինգտոնի Լինքոլնի անվան թատրոնում տեղի ունեցավ Հրեական ցեղասպանության Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնային միջգերատեսչական հիշատակման արարողություն, որին մասնակցեցին ԱՄՆ-ի դաշնային պետական մարմինների ներկայացուցիչներ, ԱՄՆ-ի հրեական, հայկական և այլ համայնքների ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Սարգսյանը, Հայաստանի և այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ:
Նախ ցուցադրվեց Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստագրական տեսանյութ, որին հետևեցին Հրեական ցեղասպանության տեսանյութերը:
«Հրեական Ողջակիզումը, որը մենք հիշում ենք այսօր, վառ օրինակ է, թե ինչ է լինում, երբ մենք ձախողում ենք կատարել մեր պարտավորությունները մարդկանց հանդեպ: Հոլքոսթի իրականացման ժամանակ Հիտլերն իր գեներալներին ասում էր՝ «ո՞վ է հիշում այսօր հայերին»: Իբրև ամերիկացի՝ ես եմ հիշում, ու Հայոց ցեղասպանության պարագայում մեզ շատ ցավագին է, որ մենք չենք կարողանում մի քայլ առաջ գնալ և անվանել իրերն իրենց անուններով: Անկասկած տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, սակայն զուտ այդ տերմինի օգտագործումը չէ միայն, որ անհրաժեշտ է: Պետք է օգնել մեր ընկերներին Թուրքիայում առերեսվել իրենց պատմությանը և ուղիներ փնտրել համակեցության համար հարևան Հայաստանի հետ», - իր ելույթում մասնավորպես ասաց ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության ավագ քաղաքականության խորհրդի անդամ Մաթ Պողոսյանը։
Հիշատակման մոմավառության արարողությունից հետո Ցեղասպանությունը վերապրած կամ վերապրածների ժառանգներ Ադալյանը, Մեյսները ու Քասենոֆն անդրադարձան Հոլոքոսթին, Մեծ եղեռնին ու այլ ցեղասպանություններին՝ շեշտելով միջազգային հանրության համախմբման և միասնական ջանքերի գործադրման անհրաժեշտությունը հետագայի ցեղասպանությունները կանխարգելելու համար:
Քասենոֆը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում շեշտեց շատ կարևոր մի պահ. - «Ես չգիտեմ, թե ինչ կարող ենք անել, երբ իրականացնողներն ու տուժողները հայտնի են, բոլոր հանգամանքները պարզ են, բայց մշտական հարց է մնում՝ ովքե՞ր են մի կողմ կանգնածները և ի՞նչ կարող են նրանք անել՝ դառնալու ընդդիմացողներ, որպեսզի կանխարգելեն ցեղասպանությունը»:
Ռուբեն Ադալյանն, իր հերթին, ասաց. - «Այս բոլոր ելույթ ունեցողները նույն բանն են պնդում՝ ուսուցանել երիտասարդ սերունդներին՝ դպրոցներում պատմելով պատմության ընթացքում գործված ոճրագործությունների մասին: Ու թեև ԱՄՆ-ի մեջ ապահով ապրում են, միևնույն ժամանակ պարտավորություն ունեն աշխարհի հանդեպ՝ արգելք դառնալու հետագայում ցեղասպանությունների համար: Կանխարգելում բառը որ ասում ենք՝ կնշանակի չթողնել, որ սկսի, այլ ոչ միայն սկսելուց հետո փորձել կանգնեցնել այն»:
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին, թե ինքն ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահի ներկայացուցիչ Մաթ Պողոսյանն այսօր Մեծ եղեռնը Ցեղասպանություն բառով հատկանշեց, Ռուբեն Ադալյանը պատասխանեց. - «Պետությունն այստեղ ամենևին չի արգելում իր պաշտոնյաներին անվանել իրերը իրենց անունով, անկախ նախագահի դիրքորոշումից»: