Միացյալ Նահանգների կողմից Բաքվի դեմ հնարավոր պատժամիջոցների սահմանման շուրջ քննարկումների ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոն է այցելել և հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ։
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Ալիևի օգնականը մասնավորապես հանդիպել է պետքարտուղարի օգնականի տեղակալների՝ Ջոն Բասսի և Յուրի Քիմի, ինչպես նաև պետքարտուղարի՝ մարդու իրավունքների գծով օգնական Ռոբերտ Ջիլքրիստի հետ։
Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները, տարածաշրջանային, գլոբալ անվտանգության միջավայրը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բասսը X-ում գրել է, որ Հաջիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ընդհանուր առաջնահերթությունները, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելը։
«Մենք նաև շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին ազատ արձակել անարդարացի ձերբակալվածներին», - ընդգծել է ամերիկացի պաշտոնյան։
Անցյալ ամիս Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ ամերիկացի կոնգրեսականներ պաշտոնական շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը։ Փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում ադրբեջանցի ավելի քան 40 պաշտոնյաների և ուժայինների դեմ։ Բանաձևի հեղինակներն առաջարկում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների շարունակական խախտումների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հանցագործությունների համար։