Երևանյան մետրոյում հերթերն այս օրերին ոչ թե ուղևորների մեծ հոսքի, այլ տոմսային համակարգի փոփոխության պատճառով են առաջանում։
Ժետոնով վճարելու համար ուղևորները հիմա ստիպված են ընդամենը մեկ անցարգելից օգտվել, մյուսները՝ միայն QR կոդով են աշխատում, դրա համար քաղաքացին պետք է բջջայինում պարտադիր Telcell հավելվածն ունենա ու դրանով վճարի։
Նոր փոփոխությունն ավելորդ անհարմարություն են համարում քաղաքացիները, հատկապես տարեցները, որոնցից ոչ բոլորը սմարթֆոններից օգտվել գիտեն։
Ուղևորները դժգոհում են նաև՝ ինչու են իրենց պարտադրում մասնավոր ընկերության էլեկտրոնային դրամապանակից օգտվել ու այլընտրանքներ չեն առաջարկում։ Շուտով նարնջագույն ժետոններն էլ չեն վաճառվի։ Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ փոխարենը ուղևորներին միանգամյա օգտագործման QR-ով թղթե տոմսեր կվաճառեն։ Բաբկեն Սեդրակյանն ասում է՝ այդ դեպքում արդեն ընթացիկ հերթերն էլ կվերանան, համոզված է՝ դժգոհություններն էլ։
«Որևէ տարբերություն չի լինելու, օրինակ, Դուք որպես ուղևոր կարող եք մոտենալ, վճարեցիք գանձապահին 100 դրամ, ժետոնը վերցնում եք, որ անցնեք, այս պարագայում QR կոդն է տալիս, էդ QR կոդով գալիս եք արագ անցնում եք», - ներկայացրեց Սեդրակյանը:
Մետրոյից օրական մինչև 80 հազար քաղաքացի է օգտվում, զբոսաշրջային ու ուսումնական շրջանում հոսքը հասնում է մինչև 100 հազարի։ Հիմա, ըստ Բաբկեն Սեդրակյանի, ուղևորների շուրջ 70 տոկոսը դեռ ժետոնով է օգտվում մետրոյից։ Պաշտոնյան կարծում է՝ ժամանակի հարց է նոր վճարման համակարգին անցնելը։
«Մի քիչ էլ պետք է մեր ժողովուրդն էլ ներողամիտ լինի, քանի որ այս բոլորն անում ենք մեր ուղևորների համար, որպեսզի ավելի լավ լինի, ավելի էֆեկտիվ լինի», - ընդգծեց Բաբկեն Սեդրակյանը:
Telcell ընկերությունը նաև տոմսեր է վաճառում ավտոբուսներից, տրոլեյբուսներից օգտվելու համար։ Ընկերության բաժնեմասերի կեսից ավելին պատկանում է Կիպրոսի Նիկոսիա քաղաքում գրանցված «Լենդասի թրեյդինգ» ընկերությանը, նրա սեփականատերը իսրայելցի է՝ Ռամի Տրեյստերը։
Telcell-ի 2023 թվականի տարեկան հաշվետվության համաձայն՝ ընկերության բաժնետերերի ցանկում է նաև 2008-ից 2014 թվականներին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Սարգսյանը։ Համաձայն այդ հաշվետվության՝ անցած տարվա դրությամբ նա շարունակել է պահել իր մասնաբաժինը։ Սարգսյանը բաժնետեր է եղել հենց նույն այն ընթացքում, երբ Telcell-ը շահել է տոմսային միասնական համակարգի մրցույթը։ Երբ Երևանը անցնի միասնական տոմսային համակարգի, տրանսպորտային ողջ ցանցը կսպասարկի այս ընկերությունը։