ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Գազայի գոտում Իսրայելի հետ արդեն չորս շաբաթ շարունակվող հակամարտության հետևանքով այնտեղ ստեղծվել է աղետալի վիճակ` առողջապահության ոլորտում:
Չդադարող հակամարտության հետևանքով Գազայի բազմաթիվ հիվանդանոցներ վնասվել են, և առողջապահական համակարգը չի հասցնում սպասարկել վնասվածքներ ստացած բնակիչներին:
Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցում, օրինակ, վիրավորները զբաղեցնում են հիվանդանոցի բոլոր բաժինները, ոմանց տեղավորում են միջանցքներում և հատակին:
Մանկաբուժական բաժինը նույնպես ծանրաբեռնված է` վնասվածքներ ստացած բազմաթիվ երեխաների ներհոսքի պատճառով:
Ուսանողուհի Ռագդա Սամուրը հակամարտության սկզբից որպես կամավորական բուժքույր է աշխատում: Այլոց նման, նրա աշխատանքային օրը տևում է 16 ժամ:
«Դեպքերի հիմնական մասը կազմում են գլխի և գլխուղեղի վնասվածքներ, ստիպված ենք լինում հեռացնել վնասված վերջույթները: Կան նաև մահացու դեպքեր: Շատ դժվար է նայել վիրավորներին», - ասում է նա:
Վնասվածքներ ստացածներից ոմանք շուտ են տուն ուղարկվում, քանի որ, ըստ մանկաբույժ Բեյզել Բեյքերի, հիվանդանոցներում տեղերի, նյութերի և անձնակազմի խիստ պակաս կա:
«Դա սակայն ամենադժվարը չէ: Ամենից դժվարը հոգեբանական բեռն է, քանի որ մենք տեսնում ենք այնպիսի վնասվածքներ ստացած երեխաներին և նորածիններին, որոնց հետևանքով նրանք հաշմանդամ են մնալու մինչև կյանքի վերջ», - ասում է մանկաբույժը:
ՄԱԿ-ի համաձայն, Գազայի գոտում գտնվող հիվանդանոցների մեկ երրորդը վնասված է, հակամարտության ընթացքում զոհվել է մեկ տասնյակից ավելի առողջապահական ոլորտի աշխատող:
Մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունները փաստում են, որ պատերազմի հետևանքով Գազայի բժշկական համակարգը դեռևս շատ երկար ժամանակ կունենա արտաքին օգնության կարիքը: