Հայաստանը նշում է Անկախության օրը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։
Մեր երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է. վարչապետ
Առավոտյան իր աշխատասենյակից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց տոնի կապակցությամբ։
Վարչապետը, ցուցադրելով հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հիշեցրեց անկախության հանրաքվեի մասին։
Իր շնորհավորական ուղերձում նա արձանագրել է՝ երկրի անկախության մակարդակն օր օրի աճում է ժողովրդավարության, բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ:
«2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր մեր բոլոր որոշումների ուղենիշը եղել է և շարունակում է մնալ անկախությունը, պետականությունը, ժողովրդավարությունը, այդ հասկացությունների կոնկրետացումը և առարկայացումը միջազգային կանոնների հիման վրա: Այս գործընթացում թույլ ենք տվել սխալներ, ունեցել ենք ձախողումներ, բայց 2020 թվականին անկախության կորստի եզրին հասնելով՝ Իրական Հայաստանի ռազմավարությամբ ստացել ենք մեր պետության հարատևության տեսական թեզը գործնական ռելսերի վրա դնելու իրական հնարավորություն», - նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ կարևոր է տեսադաշտից բաց չթողնել առանցքային նպատակը՝ Անկախությունը, պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը՝ որպես իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու հարթակ ու մեխանիզմ:
Անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին. Գարեգին Երկրորդ կաթողիկոս
Անվտանգային խնդիրներից իր ուղերձում խոսել է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ նկատելով, որ «բռնազավթված է Արցախը», և «անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին»։
«Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև», - նշել է Գարեգին Բ կաթողիկոսը՝ կարևորելով միասնականությունը և կոչ անելով վեր դասել ազգային, պետական և համընդհանուր շահը։
Ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ. նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ևս նկատել է՝ պետության առաջ կանգնած մարտահրավերները քիչ չեն՝ միասնության կոչ անելով։
«Բայց անցած տասնամյակները վկայում են նաև, որ ցանկացած խոչընդոտ հաղթահարելի է միասնականությամբ, համերաշխությամբ ու վճռականությամբ», - ասված է նախագահի ուղերձում:
«Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք». ԱԺ նախագահ
«Ամեն նպատակ, ամեն իղձ, ամեն երազանք և ուժ այս օրերին մենք պետք է կենտրոնացնենք մեր անկախ պետության համար: Այն Արաքսի հունով գծված, հայկական լեռներով ամրացված, նուրբ, գեղադեմ հայուհու ուրվագծով ֆիքսված Հայաստանի Հանրապետությունն է», - իր ուղերձում նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
Ապա հավելել է՝ Հայաստանի Հանրապետությունը 33 տարեկան է, «այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին:
«Սա՛ է այն մայր Հայաստանը, որի համար մենք ապրում ենք և պետք է ապրենք», - ասված է խորհրդարանի ղեկավարի ուղերձում: