Մատչելիության հղումներ

Հայաստանը Մարգարայի անցակետով Սիրիա հումանիտար օգնություն կուղարկի


Հայաստանը «Մարգարայի» անցակետով Սիրիա հումանիտար օգնություն կուղարկի: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ կառավարության նիստին:

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը: Կառավարությունն ընդունել է որոշում՝ Հայաստանի անունից Սիրիա ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու նպատակով», - նշված է հաղորդագրությունում:

Ներկայումս հայ-թուրքական պետական սահմանի «Մարգարա» անցակետը չի գործում և գործող իրավական կարգավորումներով հնարավոր չէ նշված սահմանային կետով անձանց, բեռների և տրանսպորտային միջոցների անցումը:

Նախագծի ընդունման հիմնավորումում նշված է, որ նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի Հայաստանի անունից Սիրիայի ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար:

2023 թվականին էլ Հայաստանը1993-ից փակված Մարգարայի կամրջով 100 տոննա մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիա:

2022-ի հուլիսին Վիեննայում հայ և թուրք բանագնացների չորրորդ հանդիպման ժամանակ կողմերը պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Հայկականի կողմը վերակառուցել է Մարգարայի անցակետը՝ ծախսելով շուրջ 1 մլրդ դրամ, սակայն պայմանավորվածությունից երկուսուկես տարի անց պարզ չէ, թե երբ կիրականացվի այդ պայմանավորվածությունը։

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է՝ սահմանը կբացվի հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում՝ շեշտելով՝ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG