Հայաստանը դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով (ԵՏՀ)՝ ԵԱՏՄ տարածքում հայկական ծագում ունեցող ապրանքների տեղափոխման ընթացքում առկա սահմանափակումները որպես խոչընդոտ ճանաչելու նպատակով, «Ազատությանը» հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունոից։
Հայկական կողմը ներկայացրել է առկա խնդիրներն ու դրանց վերաբերյալ անհրաժեշտ հիմնավորումները։ Դրանք, ըստ նախարարության, վերաբերում են ներմուծման արգելքներին, լրացուցիչ վերահսկողության և փաստաթղթերի պահանջներին՝ տարբեր ապրանքատեսակների նկատմամբ։
Դիմումների ուսումնասիրության ընթացակարգը տևում է 60-90 օր և ներառում է խնդրի ներկայացում, փորձագիտական քննարկումներ, անդամ պետությունների դիրքորոշումների ստացում և վերջնական եզրակացության ձևավորում։ Այս պահին բարձրացված հարցերի վերաբերյալ եզրակացությունները պատրաստ են և գտնվում են քննարկման փուլում։ Հաջորդիվ նախատեսվում է դրանց քննարկումն ու քվեարկությունը ԵՏՀ կոլեգիայի նիստերի ընթացքում։
Օրվա առաջին կեսին էլ Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանն էր այս մասին խոսել խորհրդարանում: Նա հայտարարել է, որ Հայաստանը բողոքարկել է հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի կողմից կիրառվող սահմանափակումները և ակնկալում է, որ ԵԱՏՄ շրջանակում գործող մեխանիզմների միջոցով դրանք կվերացվեն։
«Կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ մեր շփումները, այլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հնարավորությունները, որովհետև կան կոնկրետ մեխանիզմներ, որը կարելի է կիրառել, որպեսզի այդպիսի խոչընդոտները վերանան, և մենք ակտիվորեն օգտագործում ենք այդ հնարավորությունը: Կոնկրետ մեխանիզմներ են, մենք բողոքել ենք և հույս ունենք, վստահ ենք, որ պետք է մեխանիզմները գործեն, որպեսզի խոչընդոտները հանվեն», - նշեց Գասպարյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն, խախտումների վերաբերյալ ռուսական կողմի պնդումները ամբողջությամբ անհի՞մն են. փոխնախարարը պատասխանեց. «Մեր կարծիքով՝ խոչընդոտները չեն համապատասխանում ԵԱՏՄ-ի շուրջ ստեղծված համաձայնություններին, և դրա համար մենք պայքարում ենք, որպեսզի ԵԱՏՄ-ն գործի ըստ իր սկզբունքների»:
Գասպարյանն ընդգծեց՝ «փորձում ենք ԵԱՏՄ-ի գործիքակազմը օգտագործենք, որպեսզի վերականգնվեն սկզբունքները»: «Հայաստանը ԵԱՏՄ-ի լիարժեք անդամ է, և ամբողջ գործիքակազմը ԵԱՏՄ-ի պետք է գործի», - ասաց նա:
Միաժամանակ, փոխնախարարը նշեց, որ Հայաստանի տնտեսության ապագայի և կայունության տեսանկյունից պետք է ստեղծել, բացել նոր շուկաներ:
«Մեր ապրանքները, որոնք մենք ներկայացնում ենք միջազգային շուկաներ, պետք է լինեն բարձր որակավորման, ոչ թե միայն այն պատճառով, որ համապատասխանում են, թե ոչ, այլ նաև, որովհետև մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ պետք է ունենանք բարձր ավելացված արժեք, որը նշանակում է, որ մեր տնտեսության աճը պետք է լինի ինտենսիվ», - հավելեց Գասպարյանը:
Անդրադառնալով Եվրամիություն արտահանելու ծավալների վերաբերյալ հարցին՝ փոխնախարարն ասաց. «Ես կարծում եմ, որ դիվերսիֆիկացիայի ճանապարհը, որը որդեգրել է Կառավարությունը, երկարաժամկետ կայունության ճանապարհ է, և արդյունքները պետք է գնահատել՝ նաև ընդունելով երկարաժամկետ արդյունքները»:
Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ արգելել Հայաստանից տարբեր ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի, ձկնամթերքի, խմիչքների, կաթնամթերքի և ծաղիկների ներմուծումը։ Այս սահմանափակումները հաջորդեցին Երևանում անցկացված Եվրոպական երկու գագաթնաժողովներին, որոնցից մեկին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահը։ Մոսկվան Երևանից նաև պահանջում է արագ ընտրություն կատարել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության միջև: