Մատչելիության հղումներ

Հայաստանցիների 61 տոկոսը որևէ քաղաքական կամ հասարակական գործչի չի վստահում. հարցում


Երևան, Հայաստան
Երևան, Հայաստան

Վստահելի գործիչը՝ ըստ հարցվածների

Հայաստանցիների 61 տոկոսը որևէ քաղաքական կամ հասարակական գործչի չի վստահում, փաստում է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նոր համապետական հարցումը։ Այն անցկացվել է սեպտեմբերի 13-25-ը։

Համաձայն այդ հարցումների՝ հայաստանցիների 16 տոկոսի համար վստահելի գործիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, նրա վարկանիշն, ի տարբերություն 23-ի սկզբին անցկացված հարցումների, ավելացել է 2 տոկոսով։ 4-ական տոկոսի համար արտգործնախարար Արարատ Միրզոյանը և «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը Արամ Սարգսյանն են վստահելի, 2 տոկոսը վստահում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, ևս 2 տոկոսը՝ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

Որ կուսակցությանը կամ դաշիքին կտայիք Ձեր ձայնը հարցին պատասխանելիս 20 տոկոսը իշխող ուժն է նշել՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ այս ցուցանիշը 3 տոկոսով ավելացնելով նախորդ՝ գարնանը հրապարակված հարցման տվյալների համեմատ, 3 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը, 2 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքը (խոսքը 2018-ի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի գլխավորած դաշինքի մասին է)։ Ընդդիմադիր «Հայաստան դաշինք»-ին ու նախկին իշխող ուժին՝ Հանրապետականին իր ձայնը կտար հարցվածների 2-ական տոկոսը։

Ամենամեծ՝ 29 տոկոսը, սակայն, պատասխանել է՝ ոչ մեկի օգտին չի քվեարկի:

Արտաքին քաղաքականության մասին

ՄՀԿ հարցումն արձանագրում է նաև, որ մեծամասնությունը աջակցում է Եվրամիությանը (ԵՄ) անդամակցելուն և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը:

Հարցին, թե ինչպես կքվեարկեին ԵՄ անդամակցության հանրաքվեի դեպքում, 58 տոկոսը նշել է, որ կքվեարկեր հօգուտ միանալու:

Արևմտամետ ուժերն ու քաղհասարակության ներկայացուցիչներն այս օրերին «Եվրաքվե» են անցկացնում. «Եվրամիության Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան հասցնելու համար նրանք պետք է մինչև նոյեմբերի 14-ը 50 հազար ստորագրություն հավաքեն։

Հարցվածների 56 տոկոսը լիովին կամ որոշ չափով աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, ինչի կնքման շուրջ արդեն երկար ժամանակ բանակցում են Երևանն ու Բաքուն։ Վերջինս շարունակում է Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը՝ հայտարարելով, որ օրենսդրական ակտերում «տարածքային պահանջներ կան» Ադրբեջանից, ինչը Հայաստանի իշխանությունները բազմիցս հերքել են։ Հարցվածների 40 տոկոսը, ի դեպ, միանշանակ դեմ է արտահայտվել Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը։

42 տոկոսն էլ դեմ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, որպես խնդիր նշել են անվտանգությունը։

Որո՞նք են հիմնական խնդիրները, որոնք այսօր առկա են Հայաստանում

Տնտեսություն, գործազրկություն, տնտեսություն, կյանքի գին, բարձր գներ, դպրոցներ - վատ պայմաններ, կրթություն, սխալ արտաքին քաղաքականություն, քաղաքական անկայունություն։ Սրանք այն խնդիրներն են, որոնք առաջնահերթ անհանգստացնում են հայաստանցիներին։

Ո՞ր լրատվամիջոցին են վստահում

Միջազգային հանրապետական ինստիտուտը նաև հետաքրքրվել է, թե որ լրատվամիջոցներն են համարում առավել հուսալի քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար։ 20 տոկոսը նշել է Հանրային առաջին ալիքը, 10-ը՝ «Արմենիա» ՀԸ, 7-ը՝ «Շանթ», «Ազատություն» ռադիոկայան՝ 6 տոկոս, 5-րդ ալիք՝ 3 տոկոս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG