Հայաստանում գործող ավելի քան 80 մասնավոր մանկապարտեզ, նախակրթարան, քոլեջ, երեխաների զարգացման ու խնամքի կենտրոններ լիցենզիա չունեն:
Մինչ դրանց տնօրեններն անանուն մնալու պայմանով «Ազատությանն» ասացին՝ չունեն, որովհետև դա պարտադիր է դարձել 4 տարի առաջ, ԿԳՄՍ լիցենզավորման վարչության պետ Աշոտ Արշակյանը հակադարձում է՝ ոչ թե 4, այլ դեռ 24 տարի առաջ էր գործում այդ օրենքը։ Ըստ պաշտոնյայի՝ պարզապես 4 տարի առաջ «Նախադպրոցական կրթության մասին օրենքում» մի փոփոխություն արվեց, որ հաստատությունից բացի, նաև երեխաների կրթական ծրագրերը լիցենզավորվեն։
«Օրենքի փոփոխությունից հետո մինչև հիմա ծառայության համար դիմել են շատ քիչ թվով հաստատություններ, և ունենք ընդամենը երկուսը։ Իսկ նախադպրոցական կրթական ծրագրով օրենքի ընդունումից հետո արդեն ունենք 85 լիցենզավորված կազմակերպություններ մասնավոր», - ասաց Աշոտ Արշակյանը։
Թեև լիցենզավորման պահանջը դեռ 24 տարի առաջ կար, այդուհանդերձ նախադպրոցական հաստատությունների թիվն այս տարիների ընթացքում ոչ թե կրճատվել, այլ աճել է՝ հասնելով շուրջ 300-ի։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է դրանցից 142-ն ու լիցենզիա չունեցող ավելի քան 80-ին զգուշացրել՝ կա՛մ 1-2 ամսվա ընթացքում լիցենզավորվելու համար ԿԳՄՍ դիմեն, կա՛մ էլ տեղեկացնեն ծնողներին, որ դադարեցնելու են աշխատանքը:
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ սա երկրորդ ընդառաջումն է, նախորդ ժամկետը 2023-ի դեկտեմբերն էր. - «Այն հատվածը, որտեղ ավելի շատացավ թիվը, վարույթի ընթացքում ձեռք բերեցին լիցենզիա։ Մի հատվածը, որ չունի լիցենզիա, չեն համագործակցում, իրենց սկսեցինք տուգանել»։
Լիցենզիա ստանալու մի քանի պահանջ կա։ Մասնավոր մանկապարտեզները պետք է գործունեություն ծավալեն հասարակական նշանակության շենքերում: Պետք է հստակ տարանջատված լինեն աշխատող անձնակազմի և երեխաների սանհանգույցները, քնելու, ճաշելու և խաղալու սենյակները, պարտադիր է նաև բուժկետի, բուֆետի, հանդերձարանի առկայությունը և այլն: Իսկ երեխաներին մատուցվող ծրագրերը պետք է համապատասխանեն նախարարի հրամանով հաստատված չափորոշիչներին, մասնագետները լինեն դիպլոմավորված:
Այս բոլոր պահանջներն ընդունելի է համարում, ավելի քան 150 մասնավոր մանկապարտեզի ու մանկական կենտրոնների հետ աշխատող «Մասնավոր մանկապարտեզների ասոցիացայի» նախագահ Նելլի Խաչատրյանը: Բայց, ըստ նրա, մի հստակ ու պարզ ուղեցույց չկա, թե ինչպես անցնեն այս գործընթացը հատկացված կարճ ժամկետում։
«Հաջորդ խոչընդոտը մասնագետների ներգրավվածությունն է։ Մանկավարժական համալսարանի նախադպրոցական ֆակուլտետը չի տվել վերջին տասը տարիներին բավարար չափով շրջանավարտներ, որպեսզի կարողանա այս բացը հաղթահարել։ Մեր ժամանակը շատ սուղ է, իսկ կրեդիտ հավաքելը 1-2 ամսվա աշխատանք չէ», - պնդեց նա։
«Ազատություն»-ն այցելեց մասնավոր մի քանի մանկապարտեզ, խնդրեցին չնկարահանել ու հրաժարվեցին խոսել՝ ընգծելով նույն խնդիրները, որոնց անդրադառնում է ասոցիացիայի նախագահը։
Բացի շենքային, կրթական պահանջներից, լիցենզիայի կասեցման հիմք կարող են դառնալ երեխայի իրավունքների խախտումները՝ բուլինգի, ծեծի դեպքերը։ Նախկինում նման ուղիղ կարգավորում չկար։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.