Մատչելիության հղումներ

Սիրիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը վերսկսել է իր աշխատանքները. ԱԳՆ


Արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Սիրիայում (Դամասկոս) Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունն այսօր վերսկսել է իր աշխատանքները, արդեն կազմակերպվել է ՀՀ քաղաքացիների ընդունելություն:

«Նախատեսվում է վերսկսել նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատանքները, ինչի մասին լրացուցիչ կտեղեկացնենք», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

ԱԳՆ-ը նաև հայտարարում է՝ Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում Աքաբայում համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում հրապարակված Սիրիայի վերաբերյալ հայտարարությունը:

«Մենք հաստատակամորեն կանգնած ենք սիրիացի բարեկամ ժողովրդի կողքին այս վճռական պահին, աջակցում ենք ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ խորապես հավատով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են», - ասված է Հայաստանի ԱԳՆ X-ի էջում հրապարակված հայտարարությունում։

Սիրիայի հարցով Արաբական կոնտակտային խումբը Աքաբա քաղաքում օրերս հանդիպում է ունեցել՝ քննարկելու Սիրայում վերջին զարգացումները: Հանդիպմանը մասնակցել են Բահրեյնի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Քաթարի, Թուրքիայի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության նախարարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնացը։

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության՝ հանդիպման մասնակիցները ընդգծել են, որ քաղաքական անցումային գործընթացը պետք է լինի սիրիացիների կողմից նախաձեռնված և նրանց վերահսկողության տակ՝ ներառական, ոչ կրոնական և ներկայացուցչական կառավարություն ստեղծելու նպատակով: Նրանք պահանջել են բոլոր կողմերից դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում, հարգել Սիրիայի ինքնիշխանությունը, միասնությունը և տարածքային ամբողջականությունը։ Ընդգծել են նաև ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի կարևորությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG