Մատչելիության հղումներ

ՀՀ ներկայացուցիչներն ավարտում են պայքարը «Փարիզ 24»-ում. վերջին մարզիկներն են այսօր ելույթ ունենում


«Փարիզ 24»-ում հայ մարզիկներն ավարտում են իրենց ելույթները. ժամեր անց մրցահարթակ դուրս կգա Հայաստանի վերջին ներկայացուցիչը ՝գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանը։ 25-ամյա մարզիկը կփորձի ձեռնոց նետել վրացի Լաշա Տալախաձեին։ Ծանրորդների մասնակցությամբ գրեթե բոլոր վերջին մրցաշարերում Տալախաձեն առաջինն էր, Լալայանը երկրորդը։

Հայաստանի մյուս օլիպիականների համար «Փարիզ 24-ն», ըստ էության, արդեն անցյալում է։ Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դեռևս կարող է բրոնզե մեդալի համար պայքարել, եթե նրան հաղթած մարզիկն, ի վերջո, եզրափակիչ հասնի։

ժամեր առաջ 102 կիլոգրամ քաշային ծանրորդներն ուժերը չափեցին։ Գարիկ Կարապետյանը մոտ էր մեդալին։ Պոկում վարժության առաջատարներից էր, հետո, սակայն, հաջողությունը զարգացնել չստացվեց։ Կարապետյանը 4-րդ տեղում է։

Ավարտվող «Փարիզ 24»-ում Հայաստանի առաջին մեդալը մարմնամարզիկ Արթուր Դավթյանը նվաճեց, նա հետացատկում արծաթե հաջողության հասավ։ Երկրորդ օլիմպիական խաղերն անընդմեջ պատվո հարթակին կանգած Դավթյանն անկախ Հայաստանի առաջին ու դեռևս միակ մեդալակիրն է այս մարզաձևում։

Դավթյանն արդեն Հայաստանում է, արդեն հաջորդ խաղերի մասին է մտածում։

«Բրոնզից դեպի արծաթ գնաց, ոնց որ ասում են, երևի ԱՄՆ-ի օլիմպիական խաղերին արդեն ոսկի կնվաճեմ։ Աստծո կամքով՝ ամեն ինչ կանեմ։ Հնարավորությունները կային էլի ոսկի նվաճելու, բայց մի փոքր չստացվեց», - ասաց Դավթյանը։

Ինչպես Տոկիոյի խաղերում, այնպես էլ Փարիզում արծաթե մեդալակիր դարձավ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը. եզրափակիչը զիջելուց հետո աշխարհի քառակի չեմպիոնը չի թաքցնում դժգոհությունը մրցավարությունից՝ պնդում է վճռորոշ պահին մրցակցի ոտքերը գորգի ահմաններից դուրս են եկել, դրա համար պետք է իրեն միավոր տային ու հենց ինքը հաշվի մեջ առաջ անցներ, բայց եղավ ճիշտ հակառակը։ Հայաստանի թիմը հայտարարել է գոտեմարտի արդյունքները բողոքարկելու մասին։

«Հոգնել եմ էս անարդարություններից, շատ եմ հիասթափվել, բայց դեռ մնալու եմ ըմբշամատում», - հայտարարեց Ալեքսանյանը։

Իր կարիայի առաջին օլիմպիական մեդալը նվաճեց հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը, հասավ մինչև կիսաեզրափակիչ, պարտվեց, բայց հաղթեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում։

Բրոնզե մեդալին մոտ էր նաև ըմբիշ Սլավիկ Գալստյանը, նույն ճանապարհն անցնելով նա էլ երրորդ տեղի համար գորգ դուրս եկավ, սակայն պարտվեց։

Այս պահի դրությամբ Հայաստանը երկու արծաթե, մեկ բրոնզե մեդալ ունի։ Հարևան երկրներից Թուրքիան երեքական արծաթե ու բրոնզե մեդալներ է նվաճել, Իրանը ութ մեդալ ունի, որոնցից երկուսը՝ ոսկե։ Երկու օլիմպիական չեմպիոն նաև Ադրբեջանն ունի, ընդհանուր առմամբ, հինգ մեդալ։ Վրաստանն էլ է ոսկի նվաճել, օլիմպիական մրցանակակիրներն այդ երկրից չորսն են։ Ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանը զիջում է բոլոր հարևաններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG