Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից, որը այդքան շատ կյանքեր է խլել։ Մեր սրտանց ցավակցությունն ու կարեկցանքը զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - նշված է ԱԳՆ-ի X-ի էջում։
Մուան միջազգային օդանավակայանում Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց, բախվել պատին, հրդեհ է բռնկվել։ Երկրի ազգային հրշեջ ծառայությունը հաղորդում է, որ առնվազն 151 զոհ կա, ինքնաթիռում 181 մարդ է եղել՝ 175 ուղևոր և անձնակազմի 6 անդամ։ Հայտնի է, որ անձնակազմից 2 հոգի ողջ են։