Հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որ սկսվել էին տասն օր առաջ, ավարտվեցին։ Այսօր «Արծիվ գործընկեր 2024»-ի փակման հանդիսավոր արարողությունն էր։
Զորավարժություններում ներգրավված էին Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն արդեն երկրորդ անգամ են Հայաստանում համատեղ զորավարժություններ անցկացնում, անցած տարի մասնակցում էր 85 ամերիկացի և 175 հայ զինծառայող, այս տարի մասնակիցների թիվը կողմերը չհրապարակեցին։
«Էն ծավալը և էն խորությունը չի, որ դուք անընդհատ փորձում եք տեսնեք, բայց սա քայլեր են, որ մեզ տանում են էն ուղղությամբ, որ մենք կունենանք մի օր ծավալ էլ, խորություն էլ և ռազմատեխնիկայի էնպիսի ներկայություն և դրանց մասնակցությամբ նաև կառավարման հմտությունների ավելացում մեր համար, որը սարերի հետևում», - ասում է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ այս անգամ զինծառայողների թիվն ավելի մեծ է եղել։ Ամերիկյան կողմը զորավարժությունների համար զինտեխնիկա է բերել Հայաստան։
«Բա ինչո՞վ պետք է գային ու մասնակցեին զորավարժություններին, պարզ է, չէ՞՝ իրենց տեխնիկայով, մենք՝ մեր տեխնիկայով: Նաև տեխնիկաները մի հատ կհամադրվեն, կհամեմատվեն՝ որն է լավ, որն է վատ, մենք էլ կմտածենք՝ ինչ ձեռք բերենք», - ընդգծում է Քոչարյանը:
Նախօրեին ամերիկացի երեք գեներալներ էին ժամանել Հայաստան՝ հետևելու հայ-ամերիկյան զորավարժություններին, նրանցից մեկը ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունից էր, մյուսը՝ Կանզասի ազգային գվարդիայից, երրորդը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ներկայացուցիչն էր։
Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ տասնօրյա վարժանքները միջազգային խաղաղապահ առաքելությունում մասնակցության նախապատրաստման շրջանակներում էին։
Ռուսաստանն անարձագանք չէր թողել՝ դատապարտել էր զորավարժությունները, որ անցկացվում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման պայմաններում։ Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել էր, թե սա ևս մեկ հարված կհասցնի հայ-ռուսական ռազմական կապերին և ավելի մեծ վտանգի տակ կդնի Հայաստանի անվտանգությունը։
«Ինչքան կարևոր է, որպեսզի էդ խորհրդատվությունները լինեն թիրախային և շատ օգտակար լինեն մեր այն ռեֆորմների ծավալին և ուղղություններին, որոնք էսօր Հայաստանի Հանրապետությունը իրացնում է Կառավարության ծրագրերից ելնելով», - ասում է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահը:
Առաջիկա ամիսներին Հայաստանում կսկսի աշխատանքը Միացյալ Նահանգների Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն, որը խորհրդատվություն կտրամադրի Պաշտպանության նախարարությանը։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից «Ազատությանը» հայտնել են, որ խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը։