Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Երևանում՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների


Լուսանկարում Տիգրան Ուլուբաբյանը Քննչական կոմիտեի մոտ, 21-ը մարտի, 2025թ.
Լուսանկարում Տիգրան Ուլուբաբյանը Քննչական կոմիտեի մոտ, 21-ը մարտի, 2025թ.

18:14

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հանդիպեց հավաքվածների հետ՝ հայտարարելով, որ ՆԳՆ-ն որևէ արշավ չի սկսել որևէ մեկի նկատմամբ, նաև հորդորեց չշահարկել բռնի տեղահանվածների թեման:

«Բոլորը մեր հայրենակիցներն են, բոլորի նկատմամբ կա հավասար վերաբերմունք», - ասաց նա:

Դիմելով Ռոման Երիցյանին՝ ՆԳՆ խոսնակն ասաց, որ եթե գտնում է, որ կա որևէ հակաիրավական արարք, կարող է հաղորդում ներկայացնել:

Փաստաբանն արձագանքեց, որ քաղաքացիներին հրավիրել են ոստիկանություն ու հորդորել իր նկատմամբ ցուցմունք տալ, ապա հարցրեց, թե ինչու է իր լուսանկարը՝ իր տվյալներով կից, տարածվել համացանցով: Նարեկ Սարգսյանը, սակայն, պնդեց՝ նախարարության կողմից որևէ տվյալ, լուսանկար չի տրամադրվել որևէ մեկի, այդ թվում՝ լրատվամիջոցի, որտեղ և տարածվել են այդ տվյալները: Նա ևս մեկ անգամ վստահեցրեց, որ թիրախավորված արշավ չկա:

Ինչ վերաբերում է Տիգրան Ուլուբաբյանի գործին, մասնավորապես հարցին, թե ինչու որևէ ոստիկանի պաշտոնավարում չի կասեցվել մինչև քրեական վարույթի կասեցումը, Նարեկ Սարգսյանն ընդգծեց, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել, նախաձեռնվել է քրեական վարույթ, և այդ հարցը պետք է քննարկվի դրա շրջանակներում: Նրա խոսքով՝ եթե պարզվի, որ որևէ ոստիկան բռնություն է գործադրել Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

17:48

Ոստիկանության ներկայացուցիչները հավաքվածներին ասացին, որ այսօր աշխատանքային օր չէ: Ռոման Երիցյանը հորդորեց հարկադրանքի ուժ կիրառելու փոխարեն՝ կապվեն պաշտոնյաներից մեկի հետ, որը կներկայանա և պատասխան կտա իրենց հարցերին:

17:38

Ցուցարարները Ներքին գործերի նախարարության շենքի մոտ են շարունակում մնալ: Նրանք այստեղ ճանապարհներ են փակել:

17:09

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով հասան Ներքին գործերի նախարարության շենքի մոտ:

Ոստիկանության ներկայացուցչի հետ զրույցից հետո ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ շարունակում են ցույցը՝ պահանջելով, որ իրավասու որևէ պաշտոնյա պատասխանի իրենց հարցերին: Ռոման Երիցյանը թվարկեց այդ հարցերից, մասնավորապես՝ ինչո՞ւ մինչև ծառայողական քննությունը կասեցվելը որևէ ոստիկանի պաշտոնավարում չի կասեցվել, ինչո՞ւ են մարդկանց «կանչում ՆԳՆ ու հորդորում» իր դեմ ցուցմունք տալ:

15:31

Քննչական կոմիտեի մոտ այսօր քաղաքացիներ են հավաքվել՝ ի պաշտպանություն արցախցիների իրավունքների, ապա երթ է նախապատրաստվում:

ՀՀ իրավապահ մարմինների կողմից «դրսևորվում են ընդգծված հետապնդումներ ու խտրական վերաբերմունք արցախցիների հանդեպ», ինչն անընդունելի է ու դատապարտելի, ավելի վաղ հայտարարել էր փաստաբան Ռոման Երիցյանը, որ այսօրվա հավաքի մասնակիցներից է: Այսօր էլ պնդեց, որ հատկապես արցախցիներն են ենթարկվում ճնշումների:

Ոստիկանությունից դեռ չեն արձագանքել այդ քննադատություններին:

Ռոման Երիցյանը զբաղվում է ոստիկանությունում խոշտանգումների ենթարկվելու մասին հայտարարած Տիգրան Ուլուբաբյանի պաշտպանությամբ, վերջին օրերին բողոքի ակցիաներ էր կազմակերպում Քննչական կոմիտեի դիմաց՝ ի պաշտպանություն արցախցի երիտասարդի: Նաև երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ոստիկանությունն ակտիվորեն աշխատում է իր դեմ՝ «ստիպելով տարբեր անձանց հաղորդում ներկայացնել»։

Երեկ հայտնի դարձավ, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը նյութեր է պատրաստել ոստիկանությունում խոշտանգումների մասին բարձրաձայնած փաստաբանի դեմ։ Մասնավորապես, նշվում է, որ Երևանի մի բնակիչ հայտնել է, թե Երիցյանն իրենից խարդախությամբ մեծ գումար է վերցրել, և որ դա պարբերական բնույթ է ունեցել։

Փաստաբան Ռոման Երիցյանը, մինչդեռ, այս հայտարարությունները կեղծ է համարել:

29-ամյա Տիգրան Ուլուբաբյանը, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Վանաձորում է բնակվում, «Ազատությանը» պատմել էր, որ իր բարեկամի տան վրա զենքի գործադրմամբ ավազակային հարձակում է տեղի ունեցել, հաջորդ օրն իրեն Ոստիկանության Լոռու մարզային վարչություն են հրավիրել, բռնություն կիրառել ու ստիպել իր վրա վերցնել մեղքը, թե կապ է ունեցել ավազակային հարձակման հետ:

Տիգրան Ուլուբաբյանի այս հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել խոշտանգման հոդվածով, Ոստիկանությունն էլ ծառայողական քննություն է սկսել: ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը, որ ընդունել էր Տիգրան Ուլուբաբյանին ու նրա փաստաբանին, հավաստիացրել էր, որ օբյեկտիվ քննություն կլինի, բայց պնդել էր՝ այս ահին չեն կարող որևէ մեկին մեղադրյալ ներգրավել, ձերբակալել, քանի որ ականատեսի՝ տուժող Ուլուբաբյանի ցուցմունքը բավարար չէ:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, խորհրդարանում անդրադառնալով այս դեպքին, որևէ գնահատական չի տվել, ընդգծել է, որ դեռ վաղ է խոսել այս մասին, քննությունից հետո քննիչները կտան հարցերի պատասխանները: Նշելով, որ ավազակային հարձակում է եղել արցախցի ընտանիքի վրա՝ Սարգսյանն ասել է, որ ամեն ինչ կանեն, որ բացահայտվի այդ գործը:


XS
SM
MD
LG