Մատչելիության հղումներ

Հացադուլ կալանքի դեմ. պատժի՞չ մահակ, թե՞ խափանման միջոց

32-ամյա կալանավորն արդեն երեք շաբաթ հացադուլի միջոցով բողոքում է երկարատև կալանքի դեմ, խնդրում հնարավորություն տալ դատավճռին սպասել տանը, որ հոգա ընտանիքի հոգսը: Աշոտ Բադալյանն, ըստ գործի, սպանել է ազգականին, պաշտպանական կողմի պնդմամբ՝ ինքնապաշտպանվելիս:

Բադալյանին Նուբարաշենի բանտում տեսակցած ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը պնդում է՝ տղամարդը մեղմացուցիչ հանգամանքներ ունի: Փոքր երեխան աուտիզմ ունի, կինն այդ պատճառով չի կարողանում աշխատել, և ստացվում է, որ Բադալյանի արդեն մեկուկես տարվա կալանքի ընթացքում ընտանիքը գոյատևելու միջոցներ չունի:

«Մարդը մեկ տարի երեք ամիս գտնվում է կալանավայրում, նիստերը ձգձգվում են, և մարդը հուսահատված, հացադուլ է հայտարարում», - ասաց Լիլիթ Գալստյանը:

Կալանքի խնդիրը շարունակում է մտահոգել իրավապաշտպաններին:

«Շատ հաճախ մարդիկ մնում են կալանքի տակ մեկ տարի, երկու տարի և դեռևս գործը քննված չի լինում և նույնիսկ ավելին, և ամենամտահոգիչն այս հարցում այն է, որ անձինք գտնվում են հենց կալանավորվածի կարգավիճակում, այսինքն՝ ամենախիստ միջոցն է կիրառվում խափանման: Այդ միջոցը որևէ կերպ չի փոխվում այդ ողջ քննության ընթացքում, ինչը խնդրահարույց է», - ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Բանտերում հասարակական դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է՝ հինգ տարի առաջ օրենսդրական փոփոխությամբ ներդրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս որոշ դեպքերում խուսափել մեղադրյալին կալանքի տակ պահելուց: Կալանքի հիմքերը՝ գործին խոչընդոտելը, թաքնվելու ռիսկերը ժամանակի ընթացքում փոխվում են, նկատում է իրավապաշտպանն ու պնդում՝ վիճակագրությունը, սակայն, հակառակի մասին է վկայում:

«Ավանդաբար քննչական մարմինները ևս դիմում են դատարան՝ խափանման միջոցը կալանք ընտրելով, սա որոշակիորեն հանդիսանում է որպես պատժողական մահակ անձի նկատմամբ, ու հասարակությանը ցուցադրելով, որ կարելի է նույնիսկ խոսք հնչեցնելու համար զրկվել ազատությունից», - նշեց Հովհաննիսյանը:

Դեռ երկու տարի առաջ էր արձանագրվել, որ հայաստանյան բանտերում ավելի շատ կալանավորներ կան, քան՝ դատապարտյալներ: Իրավապաշտպանի խոսքով, բողոքների արդյունքում պատկերը թեև փոփոխվել է, բայց շարունակում է մտահոգիչ մնալ։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ այժմ կալանավորները կազմում են բանտարկյալների ընդհանուր թվի 47 տոկոսը՝ կեսից մի փոքր պակաս։

«Իրականում Հայաստանում կալանքի կիրառումը 2018 թվականից հետո մի պահ իջել էր, հետո սրընթաց աճ ապրեց, մինչև 2025 թվականը մենք ունեինք ավելի շատ կալանավորված անձինք քրեակատարողական հիմնարկներում, քան դատապարտյալներ», - նշեց իրավապաշտպանը:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության իրավաբան, իրավապաշտպան Հասմիկ Հարությունյանն ուսումնասիրել է Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի վճիռները: Ասում է՝ Ստրասբուրգի դատարանը ևս մտահոգություն է հայտնում. «Վերջին 10 տարվա կտրվածքով վերցնենք, ամենաարդիական և վերաբերելի, որտեղ երևում է այդ համակարգային խնդիրը Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված որոշում է, որտեղ ՄԻԵԴ-ը շատ հստակ արձանագրել է, որ կալանքների հարցը Հայաստանում կրկնվող ու համակարգային հարց է, քանի որ առանձին դեպքերում կալանքի կիրառման հիմքերը, ռիսկերի գնահատումը մնում են ոչ բավարար հիմնավորված»:

Իրավապաշտպանի խոսքով, Եվրադատարանի այլ վճիռներով էլ ամրագրվում է, որ հայաստանյան իրավասու մարմինները չեն ներկայացնում բավարար հիմքեր ու հիմնավորումներ, թե ինչու են ընտրում հենց կալանքն ու հետո շարունակում մեղադրյալին պահել ճաղերից այն կողմ:

Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատարանները հիմնականում բավարարում են կալանավորելու միջնորդությունները: Օրինակ՝ 2025 թվականին բավարարվել է միջնորդությունների ավելի քան 61 տոկոսը։ 2024-ի դեպքում այս թիվը կազմել է ավելի քան 69 տոկոս:

Արդյոք Աշոտ Բադալյանի՝ սննդից հրաժարվելու ծայրահեղ քայլը ինչ-որ ազդեցություն կունենա՞ իրավապահների վրա, պարզ չէ: Ըստ դատական գործի՝ դատախազը պարբերաբար առաջարկում է երկարաձգել նրա կալանքը՝ պնդելով, որ գործին խոչընդոտելու ռիսկ կա: Հացադուլավորի վիճակն, ըստ Առողջապահության նախարարության, այս պահին նորմայի սահմաններում է:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG