Եթե համալսարանների ու քոլեջների դասախոսները կամ ուսանողները որոշեն վարկով հեծանիվ գնել և դրանով դասի գնալ, ապա կառավարությունը կփակի այդ վարկի տոկոսները: Այսօր գործադիրը նման որոշում է ընդունել, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ վերջերս սկսել է ավելի ակտիվ հեծանիվ վարել տեսախցիկների առջև, կարծում է, որ այդպիսով իրենք կխթանեն առողջ ապրելակերպը և երթևեկության այլընտրանքային ձևերը:
«Տոկոսը զրոյացնում ենք բոլոր այն ուսանողների ու դասախոսների համար, ովքեր պատրաստ են հեծանիվը դիտարկել որպես փոխադրամիջոց», - հայտարարեց Փաշինյանը:
Կրթության և գիտության նախարարությունը նախագիծը կազմելուց առաջ անգամ հարցում է արել ուսանողների շրջանում: Պարզվել է, որ 5000 հարցված ուսանողներից միայն 15 -ն է հեծանիվ վարում, բայց կցանկանային 150 -ը... և որոշվել է նրանց շահագրգռել հեծանվի վարկի տոկոսները փակելու միջոցով: Այդ նպատակի համար կառավարությունը պատրաստ է առաջիկա 5 տարիներին հատկացնել 250 միլիոն դրամ:
Էսթերն ուսանող է, սովորում է Ֆիզկուլտ ինստիտուտում ՝ սպորտային պարերի բաժնում, առողջ ապրելակերպի ու սպորտի սիրահար է, բայց ասում է՝ քաղաքային երթևեկության մեջ ոչ մի դեպքում հեծանիվ չի քշի՝ անգամ եթե նվիրեն:
«Հաստատ Հայաստանում քշել չեմ կարողանա: Թեկուզ նվիրեն, հաստատ չեմ քշի այստեղ, շատ վտանգավոր է իմ համար, ճիշտն ասած, իրականում քշելը շատ լավ ու օգտակար է, ուղղակի, որ հատուկ գիծ չկա հեծանիվի, էդ ա պատճառը», - ասաց Էսթերը:
«Ազատության» հարցման մյուս մասնակիցները ևս ասացին՝ տարբեր պատճառներով հեծանիվ չեն վարում, բայց այդ պատճառների թվում ամենևին հեծանիվ գնելու գումար չունենալը կամ վարկի անմատչելությունը չեն. հարմարեցված գոտիների բացակայությունը, տեղանքի անմատչելիությունն ու ժամանակը:
Նախագծերի վերաբերյալ դիտարկումների ամփոփաթերթում էլ հեծանվային ուղիների անհրաժեշտության մասին նշումներ կան: Առողջապահության նախարարությունը նկատել է՝ լավ կլիներ ոչ միայն վարկի պայմանները բարելավել, այլև փողոցներում հեծանվային ուղեների գծանշումների հարցը լուծել: «Վարկային կազմակերպությունների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն ավելի ուղիղ է ձևակերպել միտքը՝ Հայաստանի փողոցները չունեն հեծանիվ վարելու համար առանձնացված գոտիներ, ինչը շատ վտանգավոր է և նման նախագծեր շրջանառության մեջ դնելուց առաջ պետք է պատշաճ հաշվարկել, թե որքանով է ընդհանրապես այդ նախագիծը իրագործելի:
«Այսօր ուսանողներից շատերը չեն երթևեկում հեծանվով ոչ թե այն պատճառով, որ չունեն հեծանիվ ձեռք բերելու համար անհրաժեշտ գումար, այլ նրա համար, որ հեծանիվ վարելը անվտանգ է միայն այգիներում և պուրակներում», - նշված է հայտարարությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանվային ուղիներին իր խոսքում անդրադարձավ, ասաց, մինչև հեծանվորդները փողոցներում չշատանան, համայնքներն առանձին ուղիներ չեն կառուցի:
«Քաղաքային իշխանությունը պետք է տեսնի, որ էնքան հեծանիվ կա, որ արդեն պրոբլեմ է. հեծանիվները մեքենաներին են խանգարում, մեքենաները հեծանիվներին են խանգարում», - նշեց վարչապետը:
Փաշինյանի այս դիտարկմանը կենտրոնի նախկին թաղապետ, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանն ասում է՝ վարչապետը խառնում է պատճառն ու հետևանքը, նույն տրամաբանությամբ կարելի է ասել՝ «սովորեք քցվել բասեյնի մեջ, հետո ջուրը կլցնենք»:
Վիկտոր Մնացականյանն ասում է՝ հազարավոր հեծանիվներ կան, որ քաղաքացիները քշում են, բայց իրենց բակերում, ոչ ոք այսպիսի երթևեկության պայմաններում, չգծանշված պողոտաներով հեծանիվ չի վարի:
Մնացականյանը տարիներ առաջ փորձեց ծրագիր սկսել ու փոքր կենտրոնում հեծանվային ուղիներ առանձնացնել, սակայն միայն Կողբացի փողոցում 100 մետրանոց պիլոտային ծրագիրն իրագործվեց, այդ ուղին էլ հետո չօգտագործվեց ու վերացավ: Հեծանվային ուղիներ ստեղծելը՝ մասնագետներ է պահանջում, որոնք չկան, երբ պիլոտային ծրագիրն իրականացվում էր, ասաց, անգամ որոշված չէր, թե ինչ գույնով պետք է առանձնացվեն այդ ուղիները:
Հեծանիվ ձեռք բերելու համար մինչև 300 հազար դրամ արտոնյալ վարկի համար ուսանողներն ու դասախոսները կարող են դիմել սեպտեմբերից: