Հօգուտ Հայաստանի Հանրապետության կփոխանցվի շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար, հաղորդում է Գլխավոր դատախազությունը՝ հստակեցնելով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով սեպտեմբերի 9-ին հերթական հաշտության համաձայնությունն է կնքվել։
Դատախազությունը մանրամասնում է՝ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի փոխանցել 200 մլն դրամ (շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար):
2020-ի հոկտեմբերի 8-ին որոշում էր կայացվել Ալիկ Միրզաբեկյանին պատկանող գույքի առնչությամբ ուսումնասիրություն սկսել: Միրզաբեկյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվել էր Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել՝ 5 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, 12 բանկային ավանդ և պարտատոմսեր, 20 մլն 384 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 54 մլն 210 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում։ Սակայն այս տարվա սեպտեմբերի 9-ին հաշտության համաձայնություն է կնքվել՝ պատասխանողները պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն դրամ, ինչը կազմում է հայցագնի 79 տոկոսը:
Հաշտության համաձայնությունը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան՝ հաստատման։ Դատարանի կողմից այն ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում։