Մատչելիության հղումներ

Հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների ու երիտասարդների երազանքն այսօր իրականացավ


Հաշմանդամություն ունեցող մի խումբ երեխաների ու երիտասարդների երազանքն այսօր իրականություն դարձավ՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ բարձրացան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:

Ալեքսը դեռ 40 օրական է եղել, երբ բուժաշխատող մայրը նկատել է որդու առանձնահատկությունը՝ մանկական ուղեղային կաթված ունի: Այսօր Առնո Բաբաջանյանի իր սիրած ստեղծագործություններից մեկն էր երգում՝ «Երևանը»:

Միայն լավ ձայն ունենալը քիչ էր, որ Ալեքսը կարողանար բեմ բարձրանալ, ասում է մայրը՝ Նարինեն: Ընդգծեց՝ այս 14 տարիների ընթացքում քայլ-քայլ են հասել այս հաջողությանը. - «Գիշերուզօր, ու ընտանիքով պետք է էդ պայքարը լինի, որ ինչ-որ արդյունքների հասնես»:

Այս գալա-համերգով ամփոփվեց Հայստանում հինգ տարի շարունակ կազմակերպվող «Կողք կողքի» ներառական երաժշտական միջազգային փառատոնը: Այս տարի 400 մասնակից կա՝ Հայաստանից բացի ևս 6 երկրներից՝ Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան, Ուզբեկստան, Գերմանիա և Բահրեյն:

Փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանն ասում է՝ նպատակն է բացահայտել զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների երաժշտական և ստեղծագործ կարողությունները. - «Մեսիջը՝ ներառական հասարակություն, քաղաքակիրթ երկիր»:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանն ասում է՝ կրկնակի լրջությամբ են մոտենում այս համերգին: «Կողք կողքի» հիմնադրամի հետ այս համագործակցությունը կարևորվում է նրանով, որ շատ երեխաների երազանքն է հենց հանդես գալ նվագախմբի հետ՝ կենդանի կատարմամբ, և մենք նրանց այդ երազանքները կարող ենք մեր գործով իրականացնել, նաև մենք մեր սոցիալական պատասխանատվության ծրագրի միջոցով ավելի բարձրացնել այն հարցերը, որոնք կան այս երեխաների՝ մեր հասարակության մեջ ինտեգրումը բարձրացնելու մասով», - ընդգծեց Սիմֆոնիկի տնօրենը:

Համերգ-փառատոնի ընթացքում հաշմանդամություն ունեցող երեխաները բեմ են բարձրանում աստղերի հետ: Էստրադային երգչուհի Հասմիկ Կարապետյանը տեսողության խնդիրներ ունեցող 13-ամյա Միլենայի հետ «Պույ-պույ մկնիկը» երգեց, ասում է՝ ողջ ընթացքում փշաքաղվել է՝ որտեղի՞ց այդքան տաղանդ երեխաներին:

«Ունեմ էդպիսի սկզբունք իմ կյանքում՝ լինել էն մարդանց կողքին, ովքեր իմ կարիքը ունեն: Ես երգում եմ Միլենայի հետ՝ մի չքնաղ աղջնակի», - ասաց երգչուհին:

Համերգը բացեց տեսողության խնդիրներ ունեցող Լիդիա Պեցիկյանը, որոշել է՝ բեմն է իր տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG