Մանկական ուղեղային կաթված ունեցող Քրիստինե Խաչունցը միայնակ ապրելու իր որոշումը այսպես է բացատրում:
«Որ, օրինակ, մարդկանց համար պարզ լինի, որ հաշմանդամն էլ իրավունքներ ունի ու կարող է միայնակ ապրել», - ասում է նա։
Պետության աջակցությամբ 6 ամիս առաջ տուն է գնել, Տեղ գյուղից Գորիս տեղափոխվել: «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ընտանիքի անդամները սկզբում դեմ են եղել, մտահոգվել, որ առանց օգնության չի կարողանա ապրել, բայց հիմա զարմանում են, որ անվասալյակի վրա նստած լվացք ու արդուկ է անում, ճաշ եփում, հյուրերին էլ առանց սուրճ հյուրասիրելու չի ճանապարհում, տունը միշտ փայլում է մաքրությունից:
«Եկող-գնացողները շատ են», - ուրախանում է 40-ամյա Քրիստինեն, բայց ինքը փողոց դուրս գալ չի սիրում. բազմաբնակարան շենքի առաջին հարկի իր տնից դուրս գալու համար ընդամենը 6 աստիճան պետք է իջնի, ոտքերը դեռ այնքան ամուր չեն, վախենում է՝ բա որ ընկնի, բա որ չկարողանա փողոցն անցնել: Ասում է՝ կցանկանար զբոսայգի, սրճարան գնալ, լսել է՝ քաղաքում նոր պատկերասրահ է բացվել, արդեն ճշտել է՝ թեքահարթակ ունի: Բայց քանի դեռ վախերը չի հաղթահարել, նախընտրում է տանը մնալ:
Քրիստինեն արդեն չորս տարի է Գորիսի վերականգնողական կենտրոն է հաճախում: Հիմա դժվարությամբ, բայց է կարողանում է քայլակով տեղաշարժվել, աստիճաններով իջնել-բարձրանալ է սովորել:
Կենտրոնը հարյուրից ավելի բուժառու ունի: Տարբեր խնդիրներով մարդիկ են այստեղ հաճախում: Վերականգնողական կենտրոնի կոորդինատուր Շուշան Միրումյանի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող շատ անձանց մոտ փոքր հաջողություններ գրանցելու համար տարիների աշխատանք է պետք լինում: Բայց հաճախ այդ առաջընթացը դանդաղում է, քանի որ նույն այդ մարդիկ հասարակության մեջ ինտեգրվելու խնդիր են ունենում:
Միրումյանը պնդում է՝ եթե Գորիսում հարմարեցման դրական տեղաշարժ կա, ապա գյուղերում այս առումով կայուն անշարժ է: Գյուղերից վերականգնողական կենտրոն եկող բուժառուների ամենամեծ խնդիրը այնտեղ հասնելն է:
Ակներում ապրող Գեորգի Սալբունցը հաստատում է՝ գյուղի փողոցներով անվասայլակով դժվար է տեղաշարժվել, բայց ինքը շատ բաների է հասել մոր ամենօրյա օգնության շնորհիվ. քոլեջում երեք մասնագիտություն է սովորել՝ համակարգչային օպերատոր է, SMM և HR է ուսումնասիրել:
Իր համար մի կարևոր սկզբունք է ամրագրել, որ չնայած դժվարություններին՝ «հաշմանդամությունը դատավճիռ չէ»:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.