Ադրբեջանաթուրքական հարաբերությունները հիմնված են բարեկամության, եղբայրության և ռազմավարական դաշինքի վրա, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն՝ ընդունելով Թուրքիայի նորանշանակ ռազմական կցորդ գեներալ-մայոր Գաֆար Գյորենին։
APA գործակալության փոխանցմամբ, Հասանովը շնորհավորել է կցորդին Ադրբեջանում գործունեության մեկնարկի կապակցությամբ, հաջողություն մաղթել երկու երկրների միջև ռազմական համագործակցության ընդլայնման հետագա գործունեության մեջ:
Հասանովն ու Գյորենին մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության նոր հեռանկարների շուրջ:
2021-ի հունիսին, Ադրբեջանն ու Թուրքիան Շուշիում փաստաթուղթ ստորագրեցին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը: Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում:
2023-ի հունիսին հայտարարվեց, որ Թուրքիան և Ադրբեջանը օդային տարածքի կառավարման համատեղ համակարգ են ներդնում։ Այս նախագծով երկու երկրների ռազմաօդային ուժերը նաև հնարավորություն են ստանում համատեղ գործողություններ իրականացնել, վերահսկել Ադրբեջանի օդային տարածք։