Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը մասնակցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ չորեքշաբթի օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և ներկայացուցիչների հանդիպմանը։ Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ միջոցառմանը մասնակցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
Հայաստանն ավելի վաղ հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է նաև իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։ Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։