Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր տեղի համար՝ ընդամենը մեկ թեկնածու


Ընդամենը մեկ հոգի է ցանկացել համալրել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր տեղը. թեկնածուն Ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչություններից մեկի պետ Ռաֆայել Երիցյանն է։

Նրա անունն այսօր հրապարակել է կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը: «Ունենք մի թեկնածու, ինչը խայտառակ ցածր թիվ է», - ընդգծել է նա:

Իոաննիսյան. «Ունենք մի թեկնածու, ինչը խայտառակ ցածր թիվ է»
please wait

No media source currently available

0:00 0:01:26 0:00

Թե ո՞ր վարչությունն է ղեկավարում Երիցյանը, Իոաննիսյանը չի նշել, պաշտոնական կայքի համաձայն՝ ԱԱԾ-ն հինգ գլխավոր վարչություն ունի, բայց թե ո՞րն է նա ղեկավարում, նույն այդ աղբյուրից հայտնի չի դառնում։

Բաց աղբյուրներում էլ Երիցյանի մասին շատ տեղեկություն չկա, հայտնի է, որ նա 2018 թվականին Գեղարքունիքի մարզի դատախազ էր նշանակվել:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ նախագահ Սասուն Խաչատրյանը երեք թեկնածուներից էր ընտրվել, թեև նրա ընտրության հարցում էլ մեծ գաղտնիք չկար, մեծ հաշվով հենց նրա ղեկավարած Հատուկ քննչական ծառայության հիմքի վրա ստեղծվեց Հակակոռուպցիոնը։

Խաչատրյանը ևս հինգ պաշտոնյաների շարքում պաշտոնից ազատման դիմում գրեց նոյեմբերի կեսին՝ SMS-ով վարչապետից ստացած հորդորից հետո։

«Ես կարևոր եմ համարել, որ եթե էդպիսի հարց կլինի՝ կա՛մ քաղաքական, կա՛մ բարոյական, կա՛մ իրավական հարթության մեջ, էդ տեքստը լինի գրավոր», - հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Ինչո՞ւ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական օղակներից մեկը ողջ Հայաստանում ընդամենը մեկ մարդ է ուզում ղեկավարել, այն էլ՝ վարչապետին ենթակա մարմնի աշխատակից:

Քաղհասարակության ներկայացուցիչ Իոաննիսյանը կարծում է՝ Սասուն Խաչատրյանի հեռացման պատմությունն է դեր խաղացել:

«Բարձր աշխատավարձով տեղ է, հարգված պաշտոն է, նույնիսկ, Ձեզ ասեմ, պարտադիր չի իրավաբանի բարձրագույն որակավորում ունենալ. կա՛մ իրավապահ փորձ, կա՛մ փաստաբանի, կա՛մ փողերի լվացման դեմ պայքարի հինգ տարվա ստաժ է պետք: Չափանիշներն էլ էդքան խիստ չեն, որ ասես տենց մարդ չգտնվեց: Եվ սա խոսում է նրա մասին, որ մարդիկ մտածում են, որ «դե մեկ ա՝ ում վարչապետի ուզի կնշանակի, որ պահին որ էլ չուզի, գործից կհանի՝ հաղորդագրություն կգրի, կամ կզանգի, կամ էական չի, գործից կհանի, և էդ դեպքում էլ ինչի՞ ես գնամ դիմեմ, է որ ուզենա, տեղս գիտի», - շեշտեց Իոաննիսյանը:

Եթե անգամ մի թեկնածու է, օրենքով մրցույթը կկայանա, բայց դասական մրցակցություն չի լինի, կարծում է քաղհասարակության ներկայացուցիչը. - «Ֆիլտրներ կան, և էդ ֆիլտրներով Ռաֆայել Երիցյանը կա՛մ կանցնի, կա՛մ չի անցնի, սա է լինելու: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգող ֆիլտրը Ռաֆայել Երիցյանը հաղթահարեց՝ իր ներկայացրած փաստաթղթերը ամբողջական են, հաջորդ երկու փուլերը բարեվարքության նվազագույն բալեր հավաքելն է և բարեվարքություն պլյուս անձնական կարողություններ պլյուս մասնագիտական գիտելիքներ՝ էս երեքից հանրագումարային անցողիկ շեմ հաղթահարելն է»:

Իոաննիսյանը Հայաստանում անկախ մարմինների անկախության լրջագույն խնդիր է տեսնում, որն առավել խորացել է նոյեմբերյան պաշտոնանկություններով։ Խնդիրը, կարծում է, Սահմանադրության բարեփոխումներով պետք է լուծվի՝ անկախության ամրագրված նոր երաշխիքներով:

«Խորացվել է, որովհետև հստակ, ուղիղ, բոլորի համար հասկանալի ուղերձ գնաց, որ «ես ում ուզեմ պաշտոնից կհանեմ»: Իրականում անկախ մարմինների անկախությունը ոչ միայն գրված կարգեր են, դա նաև ավանդույթներ են: Էն որ Հարավային Կորեայում նախագահը ոտքի է կանգնում, երբ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մտնում է դահլիճ, դա ոչ մի տեղ գրված չի, բայց դա իրենց երկրի ձևավորված ավանդույթներն են, և էդ ավանդույթները նաև ազդում են իրենց գործելաոճի վրա», - ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով. - «Գլխավոր դատախազը, ԲԴԽ նախագահը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ոտքի են կանգնում, երբ դահլիճ է մտնում վարչապետը՝ դա նորմալ է՞»:

Դանիել Իոննիսյանի խոսքով՝ թեկնածուի հարցազրույցն ու քննությունն արդեն հունվարին կկազմակերպվի՝ բարեվարքության ուսումնասիրությունից հետո՝ լրատվամիջոցների ներկայությամբ։

Հենց այդ ժամանակ էլ պարզ կդառնա՝ Ռաֆայել Երիցյանը մրցույթում հաղթո՞ղ է ճանաչվել, թե՞ նոր մրցույթ պետք է հայտարարվի։

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուին նշանակելու է Կառավարությունը՝ վեց տարով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG