Հակակոռուպցիոն կոմիտեն 2024 թվականի ինը ամիսներին դատարան է ուղարկել 114 քրեական վարույթ 250 անձանց վերաբերյալ, հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ տեղեկացրեց կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Նա նշեց, որ անցած տարվա համեմատությամբ ունեն նվազում, բայց նրա խոսքով՝ դա չի նշանակում, թե արդյունավետությունն է նվազել։
«Այս տարի մենք ունեցել ենք ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքերի աննախադեպ աճ։ Այս առումով կարճվել են հիմնականում ոչ մեծ և միջին ծանրության քրեական վարույթները, և աճը կազմել է 351 տոկոս, այսինքն՝ 351 տոկոսով ավելի անձանց նկատմամբ դատախազները քրեական հետապնդումը դադարեցրել են կամ քրեական հետապնդում չեն իրականացրել զղջալու հիմքով։ Սրանով բավականին թեթևանում է և՛ դատախազների, և՛ դատարանների ծանրաբեռնվածությունը, ռեսուրսը ներդրվում է ավելի լուրջ գործերի քննության մեջ», - հայտարարեց Սասուն Խաչատրյանը։