Այսօրվանից Գյումրիում մեկնարկեց եռօրյա փրայմըրիզը, որի արդյունքներով կորոշվի, թե 7 թեկնածուներից ով կնշանակվի Հայաստանի երկրորդ ամենախոշոր քաղաքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։
Նախնական ընտրություններին մասնակցում են «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներ Դավիթ Առուշանյանն ու Կարեն Սարուխանյանը, Գյումրիի նախկին փոխքաղաքապետ, վարչապետի տիկնոջ ազգական Վահագն Մկրտչյանը, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը, ՔՊ երիտթևի Շիրակի համակարգող Էմմա Բարսեղյանը, Միասնական սոցիալական ծառայության Գյումրիի ստորաբաժանման պետ, նախկին պատգամավոր Սարիկ Մինասյանը, Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյանը։
Այսօր շրջիկ խմբերը 7 թեկնածուների անուններով ու նկարներով քվեաթերթիկներով ու արկղերով շրջում են, թակում գյումրեցիների դռները ու առաջարկում քվեարկել որևէ թեկնածուի օգտին։
Փրայմըրիզը կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը, ապա արդյունքները կամփոփվեն, և ՔՊ վարչությունը կհայտարարի թեկնածուի անունը։ Մինչ այդ, սակայն, խորհրդարանը դեռ պետք է երկրորդ ընթերցմամբ ընդունի Տեղական ինքնակառավարման մասին օրենքի փոփոխությունը, որը վարչապետին լիազորություն կտա նշանակում կատարելու այդ պաշտոնում, ինչը հիմա օրենքն արգելում է։
Ի դեպ «Անկախ դիտորդ» դաշինքն այս երեք օրերի ընթացքում կվերահսկի նախնական ընտրությունները դիտորդական առաքելությամբ ու դեկտեմբերի 11-ին կամփոփի արդյունքները: