Մատչելիության հղումներ

Գյումրիում «Վառեմ-մարեմի» շենքը կվերականգնվի բարեգործական հիմնադրամի միջոցներով


Գյումրիի զբոսաշրջային խորհրդանիշներից մեկը դարձած՝ ավելի քան 150 տարի առաջ կառուցված «Վառեմ-մարեմի» շենքը կվերականգնվի ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Կառավարությունը որոշումը երեկ է կայացրել։ Թե երբ պետք է սկսվի ծրագիրը, հստակ չէ, նշվում է միայն, որ աշխատանքը պետք է ավարտվի մինչև 2027 թվականի հունիսի 1-ը։

Որոշումը կայացվեց շենքի վատթար վիճակի մասին ահազանգերից հետո, գյումրեցիներից մեկն անգամ այս հարցով անցած շաբաթ քաղաքում հացադուլ էր սկսել. - «Ծայրահեղ քայլին գնացի, որովհետև շենքը ամենօրյա փլուզման ճակատագիր ունի, այսինքն՝ շենքը հետհաշվարկի մեջ է, ցանկացած պահի կարող է փլվել»:

Հինգ տարի առաջ շենքը Կառավարության որոշմամբ հատկացվել էր Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանին, որպեսզի վերակառուցումից հետո այն դառնար տեխնոլոգիական միջազգային կրթական կենտրոն։ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ծրագիրն իրականացվելու էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի», «Սինոփսիս Արմենիայի» և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ: Այս ծրագրով շենքն այս տարի արդեն պետք է վերականգնված լիներ, բայց փլուզվում էր՝ ավագանու անդամների ու ամեն օր այդ տարածք այցելող հազարավոր զբոսաշրջիկների աչքի առջև։

«Էդ ամբողջ ընթացքում ուրիշ գործ չեն արել էստեղ, ու էդ ամբողջ ընթացքում պետական իշխանությունը չի եկել, չի ասել, թե՝ «հարգելիս, տարիուկես անցավ, էս բան չես արել»: Սպասեցին, մինչև էդ ժամկետը պրծնի՝ հիմա պիտի ավարտվեր կարծեմ, հա, 24 թվականին չես անում, նոր էդ ժամանակ պետությունը վերցնում է, որոշում է վերցնել ուրիշին տալ: Մինչև էդ պիտի կասեցնեիր պայմանագիրդ, չէ՞, տրամաբանությունը դա է հուշում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գյումրիի ավագանու նախկին անդամ Լևոն Բարսեղյանը:

Բարսեղյանը նախորդ դառը փորձը հաշվի առնելով հիմա պնդում է՝ պատմական կառույցի նորոգումը պետք է լինի խիստ վերահսկողության տակ, պարտավորությունների հստակ ամրագրմամբ. - «Որպեսզի չլինի, հեռու իրենցից, կրկնվի էն պատմությունը, ինչ եղել է ավելի վաղ, նորից մի տարի հետո, մի տարի-երկու տարի հետո ասեն՝ «գիտե՞ք, հիմի ֆինանսական միջոցներս չբավարարեց», տո չգիտեմ, արտակարգ դեպք եղավ, Ուկրաինան հասել է Կուրսկ, էս է եղել, էն է եղել, Կալուգա է հասել, չենք կարող շարունակել ֆինանսավորումը»։

Կիսափլուզված շենքի մոտ զբոսաշրջիկների աննախադեպ հոսքը դեռ կա։ Գալիս են, լուսանկարվում, հիանում ու նաև ափսոսում, որ շենքը խիստ վթարային է, հայտնի պատշգամբն էլ՝ փլուզման եզրին։

Հասմիկ Նազարյանը Միացյալ Նահանգներից է Գյումրի եկել։ Ասում է՝ գրեթե ամեն տարի այցելում է, ու պարտադիր այցելության վայրը հենց այս շենքն է։ Ամեն անգամ հույս ունի, որ գալուց այն վերանորոգված կտեսնի։ «Ափսոսում եմ, որովհետև պատմություն է, ու տուրիստական շատ են գալիս, պետք է լավ վիճակում տեսնեն, որ հասկանան ու պատկերացնեն էդ կինոյի ու էդ հին ժամանակվա ընթացքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Վրեժ Դավթյանը Երևանից էր եկել տուրիստական խմբով։ Վերջին տարիներին Գյումրիում չէր եղել ու «Վառեմ-մարեմի» պատշգամբն ու շենքը այս վիճակում չէր տեսել։ «Շատ վատ, վիճակն իրավիճակ է ես կասեի, այո, վերանորոգման կարիք ունի, այստեղ առավել ևս եթե էդ ֆիլմն է նկարահանվել», - նշեց Դավթյանը:

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբում նկարահանված դրվագում Գալյա Նովենցի ու Մհեր Մկրտչյանի հայտնի երկխոսությունն է։

Ֆիլմի այս դրվագով հայտնի դարձած «Վառեմ-մարեմի» շենքը 1860-ականներին է կառուցվել, ալեքպոլցի առևտրականներ Աբովյանների ու Խոյեցյանների տներն են եղել։ Ըստ պաշտոնյաների՝ շենքը վերականգնումից հետո կփոխանցվի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ բացառապես մշակութային կամ կրթական նպատակներով օգտագործման համար՝ առանց մասնավորեցման իրավունքի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG