Մատչելիության հղումներ

Գյումրիում քարոզարշավի 3-րդ օրն է


Գյումրիում քարոզարշավի 3-րդ օրն է: Նախորդ շաբաթներին իրար հասցեին մեղադրանքների պակաս չկար, հիմա արդեն դրանց գումարվել են նաև շռայլ խոստումները: Թեկնածուների մեծ մասը բակային հանդիպումներ է անցկացնում բուկլետներ բաժանում ու վստահեցնում, որ երկու շաբաթից գյումրեցիների կյանքում շատ բան է փոխվելու:

«Եվրադաշինք»-ի թեկնածու Լևոն Բարսեղյանը հաշվետվողական կառավարում է խոստանում ու պնդում՝ իրենց ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների տեղերը գիտեն:

«Մեր ծրագրերում ամբոխահաճություն չկա, չկան այնպիսի խոստումներ, որոնք անիրատեսական են, հեքիաթներ են», - նշեց Բարսեղյանը:

Նախկին քաղաքապետ, Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանը հասցրել է մեկ օրում մի քանի թաղերում լինել: 13 տարի Գյումրին ղեկավարած Ղուկասյանն իր պաշտոնավարման տարիների արածն է հիշեցնում ու պնդում, թե իրենից հետո Գյումրիում բնակարան չի կառուցվել, մասնավորի ներդրումն է կրճատվել ու քննադատում գործող իշխանություններին, թե 7 տարի իշխանության են և նախկինների հետ են կռիվ տալիս:

«Մենք սրանց ձայն տվեցինք, ճիշտն ասած, ես էլ եմ ձայն տվել, չիմանալով, թե սրանց ով է բերում և ինչի համար են գալիս, 7 տարի իրենց ձեռքերում է այս ամեն ինչը և միայն լսում ենք՝ նախկինները», - ասաց Ղուկասյանը:

Գյումրեցու թոռ Ղուկասյանն ասում է, թե գալիս է գյումրեցոնց լավ «տեր էղնելու», իսկ Հայաստանն աստվածաշնչյան Իսրայելի հետ համեմատում. - «Ինչպես տանջանք և տառապանք տվեցի Իսրայելի ազգին, նույնպես հայոց ազգին, բայց պիտի գա ժամանակ՝ ոնց որ Իսրայելը տիրեց իր հողերին, նույնպես հայոց ազգը»:

«Մեր քաղաքը» դաշինքը դեռ փակ հանդիպումներ է անցկացնում, կլինեն նաև բակերում: Դաշինքի թեկնածու, ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանը գյումրեցիների քվեն ստանալու այս փաստարկն է բերում. - «Առաջնահերթությունը տալու ենք փորձին, առաջնահերթությունը տալու ենք էն թեկնածուին, ով ունի անցած ճանապարհ, ով իմունիտետ է ձեռք բերել իշխանությունների հետ պայքարի մեջ մտնելու», - ասաց Գրիգորյանը:

«Քաղաքացիական պայմանագիրը» ողջ թիմով Գյումրիի թաղերում է արդեն 3-րդ օրը: Համայնքապետի թեկնածուն հարազատ Երկաթգծի թաղամասից սկսեց քարոզարշավը: Սարիկ Մինասյանը շրջում, բուկլետներ է բաժանում ընտրություններին անտարբեր չլինելու կոչ անում:

«Ապրելու երկիրը» ևս բակային հանդիպումներով է սկսել քարոզարշավը: Թեկնածու, գործող ավագանու անդամ Կարեն Մալխասյանն ուղերձով է դիմել, թե Գյումրիում իշխանությունն ինչպես է ձևավորվելու. - «Գյումրիում իշխանությունը պետք է ձևավորվի գյումրեցու քվեով, այլ ոչ թե իշխանությունը զավթելով, զոռբայությամբ կամ մոլորեցնող կեղծ խոստումներով»:

«Մայր Հայաստան» դաշինքը քարոզարշավն ազդարարեց համակիրներ հետ հանդիպումով:

Թեկնածուն՝ գործարար Կարեն Սիմոնյանը ներկայացրեց, թե այս ընտրություններում իրենց առջև նվազագույն ու առավելագույն ինչ խնդիր է դրված. - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իշխանազրկելն է, ունենք մաքսիմում պլան՝ ստանձնել քաղաքի կառավարումը»:

«Իմ հզոր համայնք»-ի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը առավել ակտիվ է սոցհարթակներում: Տեսանյութերով է ներկայացնում, թե Գյումրիի զբոսաշրջության ու բիզնեսի զարգացման համար ինչ է առաջարկում. - «Տեղական հարկերի ու տուրքերի միջոցով սահմանել արտոնություններ, հեռանկարային նախագծերի համար անհրաժեշտության դեպքում տրամադրել սուբսիդիաներ, դրամաշնորհներ»:

«Դեմոկրատական այլընտրանք»-ը քարոզարշավը բրիֆինգով սկսեց, բայց ավելի ակտիվ է ոչ թե համայնքապետի թեկնածու Արտյոմ Ղարաղազարյանը, այլ կուսակցության ղեկավարը: Սուրեն Սուրենյանցի քննադատության թիրախում իշխող «Քաղպայմանագիր»-ն է. - «Կոչ եմ անում Սարիկ Մինասյանին որպես արժանապատիվ գյումրեցի լքել ընտրարշավը, ազգակործան կապիտուլյանտների հետ չնույնանալու համար»:

ՀԱՍԿ-ի առաջադրած ու նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի ՄԱՍԿ-ի աջակցությունը ստացած երգիչ Արտյոմ Թումանյանը, որ իրեն համարում է Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի ուղին շարունակողը, քարոզարշավը սկսեց Կարեն Դեմիրճյանի արձանի մոտ ծաղիկներ խոնարհելով ու տուն-թանգարան այցելելով:




XS
SM
MD
LG