Մատչելիության հղումներ

Գյումրիում քանդում են նոր կառուցվող մարզահամալիրի մասնաշենքերից մեկի տանիքը. ով է թերացել


Շինարարության երրորդ տարում Գյումրիում սկսել են ամբողջությամբ քանդել նոր կառուցվող մարզահամալիրի մասնաշենքերից մեկի տանիքը՝ փաստացի զրոյացնելով գոնե այդ հատվածի համար տրամադրված պետական միջոցները։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման համար պետությունը մոտ յոթ միլիարդ դրամ է հատկացրել։ Անզեն աչքով էլ տեսանելի է, որ տանիքի մեջտեղի հատվածը ճկված է՝ անձրևաջուր է հավաքվել ու առաջին հարկում կաթոցներ են։ Հենց սա էլ ծածկի քանդման պատճառն է։ Իսկ ո՞վ է թերացել՝ շինարարը, նախագծողը, թե տեխնիկական վերահսկողը։ Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետ Ծերուն Թովմասյանն ասում է՝ թերացողն այս անգամ նախագծողն է՝ սխալ հաշվարկ են արել։ Իսկ ծածկի լիցքի ժամանակ արդյոք ակնհայտ չէ՞ր, որ տանիքը ճկվել է։

«Շինարարն աշխատանքներն իրականացրել է իրեն տրամադրված նախագծային փաստաթղթերի համաձայն։ Դրա համար շեշտում եմ, որ սխալը տեղի է ունեցել նախագծման փուլում և շինարարության ընթացքում էդ պրոցեսը վերահսկել արդեն հնարավոր չէր։ Իրականացված աշխատանքից հետո նոր երևույթը նկատվել է», - ասաց Թովմասյանը։

Քաղաքաշինության կոմիտեն պետությանը հասցված վնասը մոտ 40 միլիոն դրամ է գնահատել։ Ո՞վ կփոխհատուցի ծածկի քանդման, նորի նախագծման ու կառուցման ծախսը։ Փաստացի նախորդի համար ծախսված պետական միջոցները ջուրն են լցվել։

«Բոլոր ծախսերն իրականացվելու են նախագծային կազմակերպության հաշվին, քանի որ նախագծային կազմակերպությունն ընդունել է իր մեղավորությունը տվյալ աշխատանքների մասով, և պետությունը ոչ մի ծախս սրա համար լրացուցիչ չի կատարելու», - նշեց Ծերուն Թովմասյանը։

Նախագծողը «Սարգիս և Մարիաննա» ՍՊԸ-ն է, տնօրեն Արթուր Մեհրաբյանը ընդունում է, որ իրենք են սխալվել։

«Նախագծային փուլում սխալ հաշվարկ ենք ունեցել, թվային սխալ է եղել, էդ սխալի հիման վրա տեղի է ունեցել սենց խնդիր, որը մենք փոխհատուցում ենք ֆիրմայի միջոցներով։ Էս պահին քանդման աշխատանքներ են ընթանում, որպեսզի հետո մենք փոխհատուցենք, ու շինարարը նորը կառուցի», - ընդգծեց Մեհրաբյանը։

Նախագծային ընկերությունը 21 մլն դրամով էր մրցույթը շահել, հիմա պետք է կրկնակին վճարեն, այլապես կարող են սև ցուցակում հայտնվել։

Բացի վնասի փոխհատուցումից այլ պատիժ սպասվո՞ւմ է նախագծողին, թե՞ ոչ։

«Քանի որ նախագծողը իր հաշվին բոլոր աշխատանքները կատարելու է և նոր նախագծի համար իրեն ֆինանսավորում չի հատկացվելու, էս մասով կարելի է ասել ֆինանսական տույժի ինքը արդեն ենթարկվել է, ու համապատասխան օրենքներով էլ էլի նախագծի հետ կապված շեղումների պատճառով իրա նկատմամբ տույժ տուգանքներ կիրառվելու են», - ասաց Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետը։

Ոչ բարեխիղճ կառուցապատողների, նախագծողների ու տեխհսկողություն իրականացնող ընկերությունների համար գործում է այսպես կոչված «սև ցուցակը», երբ պետությունը նրանց զրկում է բաց մրցույթներին մասնակցելու հնարավորությունից։ «Ազատություն»-ն արդեն մի քանի ռեպորտաժ է հրապարակել այն մասին, թե, օրինակ, որքան արագ են փոսերով պատվում պետական միջոցներով կառուցված փողոցները։

«Էս հարցի շուրջ մեղավորության գրեթե բոլոր օղակներն էլ ունեն։ Ու էս մի բանի հետ էլ կապված, բերեք հասկանանք. 2018-19 թվականներից հետո Հայաստանում էս կարգի պետական ծրագրեր չեն իրականացվել, ոնց որ իրականացվում են 20, 21, 22, 23, 24 թվականներին», - ասաց Թովմասյանը։

Գնումների մասին օրենքով պետական մրցույթներում շահում են ամենացածր գինն առաջարկած ընկերությունները։ Փորձագետներն օրենքի այս դրույթը խնդրահարույց են համարում՝ մտահոգություն հայտնելով, որ ավելի էժան շինարարությունն արվում է որակի հաշվին։

«Մի քանի տարի առաջ սակարկելու էդ մեխանիզմը կար, այսինքն, մասնակցում էին մրցույթի, հետո գալիս սակարկում էին, իջնում էին համապատասխան չափով, հիմա էս պրակտիկան էլ է վերացել: Այսինքն՝ նվազագույն գնային առաջարկ ներկայացնող կազմակերպությունը համարվում է մրցույթում հաղթող», - ներկայացրեց Ծերուն Թովմասյանը:

Պետությանը չի մտահոգում, որ, օրինակ, 5 մլրդ դրամ գնահատված օբյեկտի կառուցապատման մրցույթը շինարարը 3 կամ 4 մլն դրամով է շահում։

«Մենք նախատեսում ենք գումար, ինքը գումար է ներկայացնում, որ էդ գումարով պարտավոր է շինարարությունն անցկացնի։ Էդ գումարի X տոկոսի չափով ինքը ներկայացնում է ֆինանսական երաշխիքներ, այսինքն, եթե Աստված մի արասցե, ինքը՝ օբյեկտը չկարողացավ աշխատանքները կատարի, պետությունը գոնե ֆինանսական կորուստով դուրս չի գալիս, էդ նյութկան մասը վերականգնվում է: Որակի առումով պետության կողմից մշակվել է հետևյալ ձևաչափը. 2023 թվականից հետ իրականացված մրցույթներում երաշխիքային ժամկետը սահմանվում է 3 տարի։ Նախկն պայմանագրով գնում էր 1 տարի երաշխիքային ժամկետի հատված, հիմա ցանկացած օբյեկտ իր ավարտական շահագործման ակտը ստանալուց հետո 3 տարի գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ», - ասաց Քաղաքաշինության կոմիտեի շինարարական ծրագրերի բաժնի պետը։

Տարեսկզբին մեծ աղմուկ բարձրացրեց թերություններով կառուցվող դպրոցների թեման, երբ վարչապետն անձամբ էր ստուգում ու խախտումները մատնացույց անում։ Իսկ գյումրեցի անվանի ըմբիշի անունը կրող մարզահամալիրը պետք է շահագործման հանձնվի 2026-ին, եթե իհարկե, լրացուցիչ աշխատանքների պատճառով շինարարությունը չերկարաձգվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG