Մատչելիության հղումներ

Հունաստանը ֆինանսական օգնություն ստանալու համար դիմում է աշխարհաքաղաքական շանտաժի


Հունաստանը սպառնում է Ռուսաստանից ֆինանսական օգնություն վերցնել, եթե իր տնտեսության աջակցության շուրջ Եվրոպական Միության հետ բանակցությունները փակուղի մտնեն: Աթենքը նաև նշում է, որ կարող է դիմել Չինաստանին կամ ԱՄՆ-ին իր տնտեսությունը փրկելու համար:

Ճգնաժամը Ուկրաինայում և հավանականությունը, որ Հունաստանը կխախտի իրեն ճգնաժամից դուրս բերելու պայմանները ու կլքի եվրոյի գոտին, Եվրոպային երկակի ճգնաժամի առջև են կանգնեցրել:

Հունաստանն ու Ռուսաստանը խորը կապեր ունեն: Լոնդոնի «Քուին Մերի» համալսարանի դասախոս Իոանիս Կոկորիսը ասում է. - «Ռուսաստանը ու Հունաստանը միշտ սերտ կապեր են ունեցել, հիմնականում դավանաբանական պատճառով: Դրանք հին պատմական արմատներ ունեն: Մենք միասնաբար բազմաթիվ պատերազմներ ենք մղել»:

Հունաստանի նոր վարչապետը՝ Ալեքսիս Ցիպրասը, այս ամիս ավելի վաղ, խաղարար դիրքորոշում էր բռնել՝ անդրադառնալով Մոսկվայի դեմ Եվրոպական Միության պատժամիջոցներին: «Շարունակվող լարվածությունը վերածվեց տնտեսական պատերազմի: Այն չի կարող լավ անդրադառնալ եվրոպացիների վրա: Այս առումով, Հունաստանը ու Կիպրոսը ԵՄ-ի ու Ռուսաստանի միջև կարող են կամուրջ դառնալ խաղաղության ու համագործակցության հաստատման համար», - ասել է Ցիպրասը:

Ցիպրասը ընտրվել էր Եվրոպական տնտեսական սահմանափակումների և ճգնաժամի հաղթահարման պայմանների շուրջ վերաբանակցելու ծրագրի հիման վրա: Ըստ Հունաստանի պաշտպանության նախարարի, եթե բանակցությունները տապալվեն, ապա իրենք դիմելու են ՌԴ-ի օգնությանը՝ դրանով իսկ խորը անդունդ ստեղծելով ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում:

Եվրոպական բարեփոխումների կենտրոնի աշխատակից Սիմոն Թիլֆորդի կարծիքով՝ Ռուսաստանը կցանկանար օգնություն տրամադրել, սակայն Թալֆորդ ի խոսքերով․ - «Նրանք ուղղակի չունեն այդ միջոցները: Այդ երկիրը մեծ տնտեսական ճգնաժամի մեջ է այժմ»:

Չինաստանը ևս որոշակի գործունեություն է ծավալել Հունաստանում: Չինական «Քոսկո» հսկա ընկերությունը հինգ տարի առաջ գնել էր Պիրեոս նավահանգստի կեսը՝ 500 միլիոն դոլարով: Սակայն նոր կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է չեղյալ հայտարարել պետական պարտքի մարմանը ուղղված սեփականաշնորհման ծրագրերը: Ուստի իր ունեցվածքը ընդլայնելու՝ Չինաստանի ծրագրերը անորոշ վիճակում են:

Ըստ Լոնդոնի «Քուին Մերի» համալսարանի դասախոս Իոանիս Կոկորիսի․ - «Չինաստանը պայքարում է հունական երկու նավահանգիստների համար և դա այժմ կանգնեցվել է կառավարության կողմից: Ուստի նրանք նոր կառավարությանը շահագրգռելու համար կարող են առաջարկել որոշակի ֆինանսավորում: Սակայն դժվար թե նրանք ցանկանան փակել 200 միլիարդ եվրոյի պարտքը»:

Աթենքը նաև ԱՄՆ-ին է անվանել իբրև հնարավոր ֆինանսական օգնության աղբյուր: Ըստ Սիմոն Թիֆոնի՝ Վաշինգտոնը աջակցություն է առաջարկել, սակայն դա դժվար թե պարտքերի դուրսգրման ձևով արվի:

«Օբաման հույներին աջակցություն է ցույց տալիս՝ ճնշում գործադրելով Գերմանիայի ու ԵՄ-ի վրա ու ասելով, որ՝ դուք չեք կարող փոխհատուցման համար այդ երկիրը անվերջ պահել ճգնաժամի մեջ: Այն կարիք ունի աճելու, որպիսի վճարունակ դառնա: Ամերիկացիները, ինչպես և չինացիները, ավելի շուտ ճնշումներ կբանեցնեն, քան՝ ուղղակի օգնություն տրամադրեն՝ խուսափելով եվրոգոտու մնացած երկրների օտարացումից», - ասում է Թիլֆորդը:

Հունաստանի սպառնալիքները Եվրոպայից դուրս՝ անգամ Մոսկվայում աջակցություն փնտրելու վերաբերյալ, դիտվում են իբրև ծայրահեղ միջոցներով հարցի կարգավորման ձգտում: Սակայն վերլուծաբանները զգուշացնում են, որ եթե Հունաստանին դուրս հանեն եվրոգոտուց, տնտեսական հուսահատությունը կարող է հանգեցնել առավել ծայրահեղ միջոցների կիրառման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG