Իրավական թնջուկը «Գոյ»-ի ու Սունդուկյանի շուրջ չի քանդվում, հակառակը՝ ավելի է խճճվում։ Իր տարածքից զրկված և փաստացի Պետռեգիստրում այլևս գոյություն չունեցող «Գոյ»-ի անձնակազմն անցած շաբաթվա վերջին Արդարադատության նախարարության իրավական պարզաբանումից հետո այսօր որոշել էր վերադառնալ թատրոն, պնդելով՝ օրենքն իրենց այդ իրավունքը տալիս է. - «Փաստաթուղթը կներկայացնի, և կպահանջենք մեր օրինական մուտքը «Գոյ» թատրոնի մուտքից»:
«Գոյ»-ը դատարանում վիճարկում է Պետռեգիստրում իր գրանցումն անվավեր ճանաչելու որոշումը, ինչպես նաև գույքի տնօրինման հետ կապված մի շարք հարցեր։ Տարվա սկզբին Կառավարության որոշմամբ Մայր թատրոնին միացած թատրոնի փաստաբան Կարո Ասատրյանն անցած շաբաթ էր դիմել Արդարադատության նախարարություն՝ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ. - «Արդյոք չի՞ կասեցնում Սունդուկյան թատրոնի իրավունքները՝ գույքը օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու, և երկրորդ՝ արդյո՞ք դա իրավունք չի վերապահում «Գոյ» թատրոնին գույքը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու: Ըստ էության, նախարարությունից պատասխան ենք ստացել, որ Վարչակեն դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի տրամաբանությունից, այո, բխում է, որ կասեցվում է», - այսօր ասաց «Գոյ»-ի փաստաբանը:
Սունդուկյանցիները, մինչդեռ, այլ թղթեր են ներկայացնում։
Մայր թատրոնում «Գոյ»-ի առջև դուռը բացեցին, մի քանիսին էլ տնօրեն Վարդան Մկրտչյանը ներս հրավիրեց, բայց թատրոնի բանալիները չտվեց։ Սունդուկյանցիներն իրե՛նց փաստարկները ներկայացրին, որոնք «Գոյ»-ի ներկայացուցիչները ավելորդ համարեցին լսել:
«Եվ եթե դատարանը կորոշի, որ Կառավարության որոշումը սխալ է, որ նրանից բխող գործողությունները սխալ են, որ կոնկրետ սխալներ կան, մենք որևէ խնդիր չունենք մեր գործընկերների հետ», - հայտարարեց Մկրտչյանը:
Մինչ «Գոյ»-ը երկու օր է Արդարադատութան նախարարության թուղթը ձեռքին հայտարարում է, որ իրավունք ունի վերսկսել բնականոն աշխատանքը, Սունդուկյան թատրոնի իրավաբան Արմինե Մելքումյանը հակադարձում է՝ այդ գրությունը բանալիներ տալու մասին չէ, քանի որ նախարարությունը նման լիազորություն չունի։
«Որևէ կառույց չի կարող միջամտել, եթե կա դատական գործ, իսկ այսօր կա դատական գործ, և Վարչական դատարանում այդ գործը քննում են: Այդ հոդվածը, որ իրենք անընդհատ ասում են՝ պետք է կասեցվի, պետք է կասեցվի, թեկուզ մենք ունենք դատարանի որոշում՝ 20-ը սեպտեմբերով, որը միջնորդությունը մերժվել է, սա ճանաչման հայց է դիտարկել Արդարադատության նախարարության մասնագետը», - նշեց Մելքումյանը:
Սունդուկյանի տնօրենը բացատրեց՝ ինչ հայցի մասին է խոսքը. Մկրտչյանն ընթերցեց մի փաստաթուղթ, համաձայն որի՝ թատրոնի դերասանների անունից դատարան միջնորդություն էր ներկայացվել «Գոյ»-ի գործունեության փաստացի դադարեցումը ժամանակավոր փոխելու և մինչև այդ գործով դատական ակտի ուժի մեջ մտնելը պարտավորեցնելու Սունդուկյան թատրոնին «Գոյ»-ի տարածքը վերադաձնել՝ բնականոն աշխատանքը ապահովելու նպատակով։
«Դատարանը որոշեց հայցվորներ Արթուր Սահակյանի, Արա Մանուչարյանի, բոլորի անունները չկարդամ, ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, մերժել: Չի բողոքարկվել: Խնդրում եմ ինձ ասեք, բացատրեք՝ եթե դատարանը որոշում ունի, ես ի՞նչ անեմ», - ասաց Մկրտչյանը:
«Դատարանը վարույթ է ընդունել մեր վիճրկման հայցը, ավելին՝ երրորդ անձ ներգրավելու որոշում կա դատարանի կողմից, որտեղ ևս նշված է, որ քանի որ վիճարկվում է Պետական ռեգիստրի, կադաստրի կողմից տրված իրավունքի վկայականները, հետևաբար՝ դատարանը նաև համաձայնագիրը, որով կնքվել է Սունդուկյանի և Պետգույքի կառավարման կոմիտեի հետ՝ էս բոլորը, քանի որ վիճարկվում է, էս մարմիններին ևս երրորդ անձ են ներգրավել: Փաստացի ասում ենք, որ դուք շարունակում եք ապօրինություն, իրավունքի խախտում ցուցաբերել». - «Գոյ»-ի փաստաբան Կարո Ասատրյանի հակափաստարկները հնչում են հեռակա՝ շենքից դուրս։ «Գոյ»-ը ոստիկանություն է հրավիրել թատրոնների վեճին միջատնելու համար. ապարդյուն՝ ոստիկանները չմիջամտեցին։
Իրավական քաոսից շեղվելով՝ Վարդան Մկտչյանը նաև պատմեց, որ այս ընթացքում «Գոյ»-ի անձնակազմի հետ համագործակցության մի քանի սցենար են փորձել մշակել՝ անկախ թատրոնի կարգավիճակից մինչև շաբաթ-կիրակի օրերը հատկացնել թատրոնին։ Առայժմ՝ անպտուղ։
«122 օր առաջարկել ենք տրամադրել իրենց, իմ այս առաջարկը նույնպես մերժվել է», - ասաց Սունդուկյանի տնօրենը:
Ավելի վաղ «Գոյ»-ի անձնակազմը պարզաբանել էր, որ պայքարում են բացառապես նախկին կարգավիճակը վերականգնելու համար։