10 միլիոն դրամ և ավելի հարկեր թաքցնող գործարարների համար Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ցանկանում է ավելի խիստ պատիժ սահմանել։ «Հարկային կարգապահությունը պետք է բարձրացվի այլ մակարդակի վրա», - հայտարարում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Նոր օրինագծով գերատեսչությունն առաջարկում է Քրեական օրենսգրքից հանել պատժից ազատվելու հնարավորությունը, եթե գործարարն ամբողջությամբ վերականգնում է վնասը։ ՊԵԿ նախագահի պնդմամբ, գործող՝ պատժից ազատվելու օրենքի կետը խաթարել է մրցակցությունը բիզնես դաշտում։
«Օրինակ՝ նույն շուկայում գործում են երկու տնտեսվարող սուբյեկտ, մեկը գործում է լրիվ կարգապահ՝ հարկային կարգապահության տեսանկյունից 100 տոկոսով, վճարում է բոլոր հարկերը, մյուսը խուսափում է հարկերից: Ինչ-որ պահի ՊԵԿ-ը հայտնաբերում է, հայտնաբերում է իրավախախտման մի մասը, ապացուցում է դրանից է՛լ ավելի փոքր մասը, և էդ տնտեսվարողը ասում է՝ «շատ լավ, դե ես բերեմ գումարը վճարեմ և ազատվեմ քրեական պատասխանատվությունից»: Այսինքն՝ սա որքանո՞վ է արդար կարգապահ հարկ վճարողի նկատմամբ», - ընդգծեց Բադասյանը:
Գործարար դաշտից, մինչդեռ, Պետեկամուտների կոմիտեի առաջարկը Հայաստանում բիզնես սկսելն ավելի ռիսկային դարձնող, բիզնեսին ճնշելու հերթական լուրջ գործոն են համարում։
«Ամենա, չգիտեմ, ո՞ւմ ժամանակ էր ՊԵԿ-ը ամենասարսափելի կառույցը, Գագիկ Խաչատրյանի ժամանակ, էլի, չէ՞, բայց նույնիսկ այն ժամանակ խաղի կանոններ կային: Նույնիսկ Գագիկ Խաչատրյանը կերազեր, որպեսզի ՊԵԿ-ը այսպիսի ռեպրեսիվ կառույց լիներ, ինչպես հիմա է վերածվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց հայաստանյան ամենամեծ՝ ավելի քան 600 անդամ ունեցող գործարար միության՝ «Մանթաշյանց»-ի նախագահ Վահրամ Միրաքյանը:
Նա հաշվել է՝ եթե օրենք դառնա ՊԵԿ-ի առաջարկը, բանտում ամեն տարի մոտ 1000 գործարար կարող է հայտնվել։ Վահրամ Միրաքյանը կոմիտեի 2023-ին հարուցած քրեական վարույթներին է հղում անում։ Գործարար միության ղեկավարը չի բացառում՝ կալանավորումները հարյուրավոր բիզնեսների փակման պատճառ կարող են դառնալ, կամ էլ անդառնալի վնասներ հասցնել դաշտին։
«Օրինակ, ասենք, գործարարին նստեցնում են բանտ 30 միլիոն դրամ հարկ չվճարելու համար, գործարարը էդ հարկը վճարում է, բայց ինքը շարունակում է մնալ բանտում, քանի որ քրեական հոդված կա: Գործարարը դիմում է դատարան, իսկ մեր դատարանները գիտեք ոնց են աշխատում՝ կարող է հինգ տարի տևի մի դատը, հինգ տարի դատվում է, կամ, չգիտեմ, երեք տարի դատվում է, երեք տարի հետո պարզվում է, որ ՊԵԿ-ը սխալ հաշվարկ է արել, ինչը որ հիմա էլ բազմաթիվ էդպիսի դեպքեր կան, պարզվում է, որ ՊԵԿ-ը սխալ հաշվարկ է արել՝ գործարարին ազատում են: Բայց գործարարը երեք տարի նստեց», - նշեց «Մանթաշյանց»-ի նախագահը:
Ըստ ՊԵԿ-ի՝ միայն անցած տարի հարկերը թաքցնելու առնչությամբ ավելի քան 930 քրեական վարույթ է հարուցվել, որի գրեթե կեսը կարճվել է։ ՊԵԿ նախագահը պնդում է, թե հարկեր թաքցրած շատ քիչ գործարարներ են կալանավորվում։ Ռուստամ Բադասյանը, այսօր, սակայն, թիվ չներկայացրեց։ «Կալանքները խիստ սահմանափակ թիվ են կազմում», - վստահեցրեց նա:
Տնտեսագիտության դոկտոր Արմեն Քթոյանը ևս խնդրահարույց է համարում Պետեկամուտների կոմիտեի օրինագիծը, կասկածում, թե այն օգուտներ է բերելու, ինչպես ակնկալում է ՊԵԿ-ը։
«Ես կարծում եմ՝ սա ավելորդ խստացում է, որը որ ավելի բացասական ազդակներ է հղում, բայց թե ինչ խնդիրներ է լուծելու, շատ կասկածելի է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քթոյանը:
Մասնագետը չի բացառում, որ այս խստացումները կարող են հայաստանյան իրականությունում հաշվեհարդարի պատճառ դառնալ, հատկապես երբ հարկային տեսուչները որևէ պատասխանատվության չեն կրում սխալ հաշվարկների համար:
«Ոչ մի բան չի խանգարում ունենալ, ասպես, շահերի բախման մեջ գտնվող որևէ տեսուչ, և որը կգնա ինչ-որ մրցակից կազմակերպությունը կարող է խաթարել՝ համարելով, որ ինքը գտնում է, որ այստեղ կա թաքցրած հարկ, և կարող է կազմալուծել այդ կազմակերպության գործունեությունը՝ ի օգուտ այն ընկերության, որի հետ ինքը ընդհանուր շահեր ունի, և հետո, ըստ էության, որևէ պատասխանատվություն կարող է դրա համար չկրել», - ընդգծեց Քթոյանը:
Բադասյանն այսօր հերքեց, թե նոր օրենսդրական առաջարկը բյուջեն լցնելուն է ուղղված։ Այս տարվա առաջին կեսին նախատեսվածից շուրջ 10 տոկոսով պակաս հարկեր են մտել բյուջե։
ՊԵԿ-ի՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու օրինագիծը դեռ հանրային քննարկումից հետո պետք է ուղարկվի Ազգային ժողով։ Մինչ այդ ՊԵԿ նախագահը խոստանում է իրենց հեղինակած փոփոխությունները քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ, թե ինչու ավելի վաղ չեն դա արել, այսօր չասաց։
Իսկ ինչ են մտածում իշխող մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն այս նախագծի մասին, դեռ հայտնի չէ, խորհրդարանականներն արձակուրդում են։