Մատչելիության հղումներ

Գոգարանում բողոքում են՝ հակառակ իրենց կամքի գյուղում ոսկի որոնելու հարցը ներառել են առաջիկա ավագանու նիստում


Գոգարան գյուղում բողոքում են, թե Սպիտակի համայնքապետարանում անտեսել են իրենց կարծիքն ու հակառակ իրենց կամքի գյուղում ոսկի որոնելու հարցը ներառել առաջիկա ավագանու նիստում։ Գյուղացիներն ասում են՝ մի քանի անգամ «Դ.Ա.Վ. Ֆայնդեռ» ընկերության ներկայացուցիչները եկել են այս հարցով բանակցությունների, իրենք մշտապես դեմ են եղել, հանք որոնողները թողել, հեռացել են։

Գոգարանցիների ձեռքի տակ մեկ ամիս առաջ տեղի ունեցած հանրային լսման երկու արձանագրություն կա։ Մեկում նշված է, որ «նախատեսված հանրային լսումները տեղի չեն ունեցել, քանի որ բնակիչները դեմ են նախագծին»։

Կարճ տեքստի տակ 12 ստորագրություն կա։ Այդ օրը նաև բնապահպան Օլեգ Դուլգարյանն ու համայնքի ավագանու անկախ անդամ Համլետ Մազմանյանն են ներկա եղել։ Երկուսն էլ պնդում են՝ ներկաները գրեթե միաձայն դեմ են արտահայտվել, անգամ չեն լսել ընկերության մեկնաբանությունները։ Գյուղի վարչական ղեկավարը հրաժարվել է մասնակցել այդ արձանագրության կազմմանը։

Օրեր անց մեկ այլ արձանագրություն է հայտնվել՝ միայն վարչական ղեկավարի ստորագրությամբ, որտեղ նշված է, թե այդ օրը վարչական շենքի բակում հանրային լսումներ են եղել, իբրև թե ընկերության ներկայացուցիչները խոսել են՝ խոստացել թույլատրության դեպքում Գոգարանում 10 միլիոն դրամի սոցիալական ծրագրեր իրականացնել։

Թեև վարչական ղեկավարի ստորագրությամբ կազմված երկրորդ արձանագրության մեջ նշված է նաև բնակիչների կազմած առաջին փաստաթղթի մասին, համայնքի ավագանին համարել է, որ հանրային լսումը տեղի է ունեցել ու հարցը նիստի օրակարգ մտցրել։ Օգոստոսի 10-ի դրական որոշման դեպքում «Դ.Ա.Վ. Ֆայնդեռ»-ը կարող է գալ ու չնայած գյուղացիների դիմադրությանը՝ տեղում ոսկի որոնել։

Թե ինչո՞ւ է վարչական ղեկավարը որոշել երկրորդ արձանագրություն կազմել՝ առանց ներկաների, հայտնի չէ։ Առավոտից գյուղապետարանում չէր։ Աշխատակիցն ասաց՝ ինքը հարցերի պատասխանել չի կարող։

Գոգարանցիներն ասում են՝ 12 բնակավայրեր, այդ թվում՝ Սպիտակ քաղաքը իրենց գյուղի սարերի ջուրն են խմում։ Ի՞նչ կլինի այդ աղբյուրների հետ, եթե սարերում հանք բացեն։ Ոչ նոր աշխատատեղերի, ոչ էլ ասֆալտապատ ճանապարհների հեռանկարը չի համոզում նրանց։

Նույն օրը՝ օգոստոսի 8-ին, «Դ.Ա.Վ. Ֆայնդեռ» ընկերության հանրային լսումների փորձը տապալվել էր նաև Սարահարթ բնակավայրում։ Այդ դեպքում տեղացիները վարչական ղեկավարի հետ են արձանագրություն կազմել լսումները չկայանալու մասին։ Մի քանի բնակիչների ներկայությամբ ընկերությունը կարողացել է երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը ներկայացնել միայն հարևան Շենավան գյուղում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG